Դավութօղլուն` ԱԶԿ-ի առաջնորդի ու Թուրքիայի վարչապետի թեկնածու

Թուրքիայի իշխող՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) նոր առաջնորդի և Թուրքիայի կառավարության նոր ղեկավարի թեկնածու է հայտարարվել երկրի ներկայիս արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն: Ըստ թուրքական Zaman-ի՝ օգոստոսի 21-ին այդպիսի որոշում է կայացրել ԱԶԿ-ի կենտրոնական գործադիր խորհրդի (MYK) նիստը:

«Մենք խորհրդակցություններ ենք անցկացրել բոլորի հետ՝ հանրությունից մինչև մեր իշխանության բարձրագույն մարմիններ»,- Hurriyet Daily News-ի փոխանցմամբ՝ իր ելույթում ասել է Թուրքիայի գործող վարչապետ, օգոստոսի 10-ին նախագահ ընտրված Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ հավելելով, որ Դավութօղլուի՝ «զուգահեռ պետության» դեմ [այսպես է Էրդողանը բնորոշում Ֆեթուլլահ Գյուլենի գլխավորած շարժումը – ՍիվիլՆեթ] պայքարելու վճռականությունն առանցքային այն գործոնն է, որով պայմանավորված է Դավութօղլուի ընտրությունը՝ որպես ԱԶԿ-ի առաջնորդի և վարչապետի թեկնածու:

Zaman-ն էլ գրել է, որ եթե մեծ անակնկալ տեղի չունենա, ապա օգոստոսի 27-ին Անկարայում կայանալիք՝ ԱԶԿ-ի արտահերթ համաժողովի ժամանակ Դավութօղլուն պաշտոնապես կընտրվի կուսակցության ղեկավար ու երկրի նոր վարչապետ:

Նախագահի պաշտոնը Աբդուլլահ Գյուլից Ռեջեփ Թայիփ Էրդողանին անցնելուց հետո` օգոստոսի 29-ին, Դավութօղլուն կստանձնի Թուրքիայի 62-րդ կառավարության ղեկավարի պաշտոնը և կսկսի ձևավորել նոր կառավարություն:

Ահմեդ Դավութօղլուն արդեն ստացել է բազմաթիվ շնորհավորանքներ, այդ թվում՝ գործող նախագահ Աբդուլլահ Գյուլից, որն առաջինն էր, ով հայտարարեց Դավութօղլուի վարչապետ դառնալու մասին:

Օրեր առաջ Աբդուլլահ Գյուլը հայտարարել էր, որ «ամենայն հավանականությամբ, վարչապետ կլինի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն»:

«Ես եմ նրան բերել թե´ քաղաքականության, թե´ պետական գործունեության ոլորտ»,- ասել էր Գյուլն ու հույս հայտնել, որ Դավութօղլուն հաջող կաշխատի իր նոր պաշտոնում:

Մեկնաբանել