Նազարբաևը անկախությունը չի փոխի Եվրասիական միության հետ

Ուկրաինական ճգնաժամի սրումը հնարավոր է՝ ազդի Ռուսաստանի՝ իր ԱՊՀ կարևոր գործընկերներոջ՝ Ղազախստանի հետ հարաբերությունների վրա։ Այս երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը նախազգուշացրել է, որ Աստանան կարող է հրաժարվել Եվրասիական միությունից, եթե կառույցին անդամակցությունը սպառնա երկրի անկախությանը։ Այս մասին սեպտեմբերի 1-ի իր համարում գրում է ռուսական «Կոմերսանտ» թերթը։

Նուրսուլթան Նազարբաևի՝ մեծ աղմուկ բարձրացրած անսպասելի հայտարարությունը հնչել է ընդամենը երեք ամիս անց այն բանից, երբ մայիսի 29-ին Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի նախագահները Աստանայում ստորագրեցին Եվրասիական տնտեսական միության վերաբերյալ «պատմական պայմանագիրը»։ «Եթե պայմանագրում սահմանված կանոնները չեն կատարվում, Ղազախստանն ունի լիիրավ իրավունք՝ հրաժարվելու Եվրասիական միությանն անդամակցությունից։ Աստանան երբեք չի լինի կազմակերպությունների կազմում, որոնք սպառնալիք են ներկայացնում Ղազախստանի անկախության համար»,- հայտարարել է նա ղազախական «Խաբար» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Եվ հավելել․ «Մեր անկախությունը ամենաթանկ գանձն է, որի համար պայքարել են մեր պապերը։ Մենք կանենք հնարավոր ամեն բան, որպեսզի պաշտպանենք այն»։

Հատկանշական է, որ Նազարբաևի այս խոսքերը հնչել են Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկիի՝ Ղազախստանի հասցեին ուղղած կոպիտ հայտարարությունից անմիջապես հետո։ Ղազախստանին մեղադրելով ռուսատյաց տրամադրություններ սերմանելու մեջ՝ նա Ռուսական կայսրության հարաբերությունները ներկայիս ղազախների նախնիների հետ բնութագրել էր իրեն բնորոշ ոճով․ «Ղազախ ուլուսները դիմել էին ռուսաց թագավորին, աղաչում էին, ոտքերն էին ընկել՝ փրկե՛ք մեզ, ղազախներիս, այլապես ջունգարները բոլորիս կոչնչացնեն։ Ռուսաց թագավորը բանակ ուղարկեց, ազատագրեց Հյուսիսային Ղազախստանը»։ Ամենասկանդալայինը Ժիրինովսկիի ակնարկն էր եղել առ այն, թե Մոսկվան Ղազախստանի նկատմամբ հավակնություններ չի ներկայացնի միայն մինչև այն պահը, քանի դեռ չի լուծվել ուկրաինական ճգնաժամը։ «Առայժմ կսպասենք։ Եկեք Ուկրաինայի հարցը լուծենք»,- ասել էր Ժիրինովսկին։

Օգոստոսի 29-ին՝ «Սելիգեր-2014» երիտասարդական ֆորումին, Ղազախստանի թեմայով արտահայտվել էր նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ պատասխանելով հարցին, թե չի անհանգստացնում արդյոք իրեն ազգայնականության աճը Ղազախստանում, և հարկ է արդյոք ակնկալել «ուկրաինական սցենար» այն դեպքում, եթե Նազարբաևը լքի իր պաշտոնը։ Խուսափելով Ուկրաինայի հետ համեմատություններից՝ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր․ «Նա [Նուրսուլթան Նազարբաևը] բացառիկ բան է արել։ Նա պետություն է ստեղծել տարածքում, որտեղ երբեք պետություն չի եղել»։

Փորձագետների գնահատմամբ՝ թեև ԱՊՀ գլխավոր ինտեգրացիոն նախագծից Ղազախստանի դուրս գալու մասին խոսք չկա, Աստանան հասկացնում է՝ Ռուսաստանի հետ տնտեսական ինտեգրացիան հարկ չէ մեկնաբանել՝ որպես Ղազախստանի՝ Ուկրաինայի և միջազգային այլ ճգնաժամերի հարցում Մոսկվայի ուղեգծին անխոս հետևելու պատրաստակամություն։

Մեկնաբանել