Սերժ Սարգսյանը Հռոմի պապին հրավիրել է Հայաստան

Սուրբ Աթոռ պաշտոնական այցի շրջանակում նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 19-ին առանձնազրույց է ունեցել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ։

Ինչպես հաղորդում են նախագահի մամուլի ծառայությունից, Սերժ Սարգսյանն ու Նորին Սրբությունը գոհունակությամբ են խոսել Հայաստանի և Վատիկանի միջև բարձր մակարդակի հարաբերությունների մասին՝ ընդգծելով, որ ամուր հիմքեր ունեցող այդ հարաբերությունները սերում են քրիստոնեական նույն արժեհամակարգից և գաղափարախոսությունից։ Նրանք կարևորել են վերջին տարիներին հաճախակի դարձած բարձրաստիճան փոխայցելություններն ու շփումները, որոնք վկայում են երկկողմ հարաբերությունները մշտապես ուշադրության կենտրոնում պահելու փոխադարձ պատրաստակամության մասին։ Սերժ Սարգսյանն ու Պապ Ֆրանցիսկոսը մտքեր են փոխանակել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Կաթոլիկ եկեղեցու միջև հաստատված սերտ համագործակցության մասին։ Հանդիպմանը Սերժ Սարգսյանը Հռոմի պապին պաշտոնապես հրավիրել է 2015թ. այցելել Հայաստան։ Վերջինս ընդունել է հրավերը՝ վստահեցնելով, որ իր սրտի ցանկությունն է գալ Հայաստան։

Այնուհետ նախագահը հանդիպել է Սուրբ Աթոռի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինի հետ։ Քննարկվել են հայ-վատիկանյան հարաբերությունների ներկան և զարգացման հեռանկարը, ինչպես նաև Մերձավոր Արևելքում քրիստոնիաներին և քրիստոնեական ժառանգությանն առնչվող արդի հիմնախնդիրները։ Սերժ Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի պատրաստակամությունը՝ մասնակցելու այս ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։

Անդրադարձ է եղել նաև ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն առնչվող հարցերին։ Նախագահը շնորհակալություն է հայտնել կարդինալ Պիետրո Պարոլինին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրում Սուրբ Աթոռի հավասարակշռված դիրքորոշման համար։

Այցի շրջանակում Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 19-ին հանդիպում է ունեցել նաև Սուրբ Աթոռի կուրիայի (վարչական մարմնի) կարդինալների հետ։

Ավելի վաղ թուրքական «Սաբահ» օրաթերթը, վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրները, գրել էր, թե Վատիկանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Թուրքիայի դեսպանին Ֆրանցիսկոս պապն ասել է, որ նոյեմբերի 29-ին Թուրքիա նախատեսվող այցից հետո ինքն ակնկալում է այցելել նաև Հայաստան։

Մեկնաբանել