Նարեկ Հախնազարյանը համագործակցում է BBC-ի հետ

Բրիտանական BBC ռադիոկայանը սեպտեմբերի 10-ին ներկայացրել է Radio 3-ի 2014-2016 թթ․ Նոր սերնդի արտիստներին՝ վեց նոր երաժիշտներ ամբողջ աշխարհից, որոնք ըստ Radio 3-ի՝ ապագայում կդառնան դասական երաժշտության աստղեր։ Նրանց թվում է երիտասարդ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը։

Radio 3-ի Նոր սերնդի արտիստներ նախագիծը ստեղծվել է 1999-ին՝ BBC-ի՝ երիտասարդ տաղանդների խրախուսման ծրագրի շրջանակում։ Այն երաժիշտներին հնարավորություն է ընձեռում զարգացնել իրենց կենդանի և ձայնագրված կատարումները, այդ թվում՝ ունենալ հեռարձակումներ BBC նվագախմբերի հետ, ելույթներ Միացյալ Թագավորությունում և պարբերական ստուդիո ձայնագրություններ, ինչպես նաև կամերային երաժշտության բնագավառում համագործակցել նախագծի մյուս մասնակիցների հետ։

Radio 3-ի խմբագիր Էդվարդ Բլեյքմանն ու գլխավոր պրոդյուսեր Էմմա Բլոսեմն ասում են, որ «նախագիծը նմանը չունեցող հարթակ է երիտասարդ տաղանդավոր երաժիշտների համար ամբողջ աշխարհում»։

Ինքը՝ Նարեկը, նշում է, որ «սա մեծ պատիվ է իր համար»։ «Եթե չեմ սխալվում, ես առաջին հայ երաժիշտն եմ, որ ընդգրկվել է այս ցուցակում»,- ասաց երիտասարդ երաժիշտը ՍիվիլՆեթին։

Նարեկ Հախնազարյանը ծնվել է 1988թ․ Երևանում։ Սովորել է Մոսկվայի և Նյու Ինգլնդի կոնսերվատորիաներում։ Նա մի շարք միջազգային մրցույթների հաղթող է, այդ թվում՝ Չայկովսկու անվան մրցույթի առաջին մրցանակակիր և ոսկե մեդալակիր (2011թ․)։

Մեկնաբանել