Սերժ Սարգսյանը ցուցմունք է տվել

Երբ Սերժ Սարգսյանը որեւէ ելույթ է կարդում, դրա բովանդակությունը կապ չունի ոչ Հայաստանի իրական պատկերի եւ ոչ էլ Սերժ Սարգսյանի հոգեկերտվածքի ու բնավորության հետ: Եթե ուզում եք իմանալ, թե ով է իրականում Սերժ Սարգսյանը (ոչ վատ իմաստով), ապա նախ եւ առաջ պարտադիր է կարդալ այն հարց ու պատասխանները, որոնք տպագրվել են «Առավոտ» թերթի սեպտեմբերի 23-ի համարում: Հունվարին Չեխիա կատարած այցի ընթացքում, Պրահայում Հայաստանի դեսպանատանը նա պատասխանել է տեղի հայերի հարցերին այն բանից հետո, երբ դահլիճից դուրս են բերվել տեսաձայնագրող սարքերը: Սերժ Սարգսյանը մնացել է անզեն, քանի որ նրա ձեռքին թուղթ չի եղել, իսկ նրան ուղղված հարցերը իր խորհրդականները չեն գրել: Պրահայում բնակվող լրագրող Շուշան Ղազարյանը ձայնագրել կամ սղագրել է հարցուպատասխանը (թե ինչու է այն հրապարակվում միայն ութ ամիս անց, դժվարանում ենք ասել):

Երբ Բագրատ Առաքելյանը հարցրել է, թե Մաքսային Միությանը անդամակցելու հարցում ինչու չհարցրիք համայն հայության կարծիքը եւ հանրաքվե չանցկացրիք, Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Ես չէի կարող մի գիշերում բոլորիդ կարծիքը հարցնել»:

Հարգարժան հայրենակիցներ, սա ցուցմունք է առ այն, որ Սերժ Սարգսյանին Մաքսային Միություն մտնելու հարցում մտածելու համար մեկ գիշեր ժամանակ են տվել: Պարզ է, վերջնագիր ներկայացրել է անձամբ Վլադիմիր Պուտինը կամ նրա օգնականը՝ Վլադիմիր Վլադիմիրովիչի անունից հավանաբար:

Լարիսա Գրիգորյանը մեջբերել է Շառլ Ազնավուրի խոսքերը. «Շատ չի անցնի, եւ Հայաստանը կդառնա մի դատարկ խեցի, ո՞ւմ է ձեռնտու, մեծահարուստ ավազակներին, մի քանի մաֆիոզի: Ես գիտեմ, որ մենք ունենք մի դժբախտ երկրի փոքրիկ կտոր, որն օրեցօր մահանում է»: «Սերժ Սարգսյանը ասել է. «Ես Ազնավուրին շատ եմ հարգում որպես երաժիշտ, բայց նա շատ հեռու է Հայաստանից եւ չի տիրապետում իրականությանը»:

Այս հայտարարությունից հետո (եւ ոչ միայն) Շառլ Ազնավուրը իրավունք չունի անգամ մեկ օր մնալու «օրեցօր մահացող» Հայաստանի դեսպան բարեկեցիկ Շվեյցարիայում: Հակառակ դեպքում, մենք կունենանք լուրջ կասկածներ առ այն, որ շանսոնյեի նշանակման գործում կա կոռուպցիա: Գուցե դիվանագիտական տանիքի տակ Ազնավուրը հարկե՞ր է թաքցնում:

Երբ Բռնոյից գործարար Արսենը հարցրել է մենաշնորհներից, օրինակ՝ «ի՞նչու է շաքարը երկրում մի մարդ ներկրում», Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Բա ի՞նչ ես ուզում, մի փոքր երկրում տասը հոգով շաքար ներկրե՞ն»: Բայց սա դեռ ոչինչ: Դուք կարդացեք շարունակությունը. «Դու արի Հայաստան, դիր բիզնեսդ ու եթե դժվարություն ունենաս, դիմիր ինձ»:

Անշուշտ, մեր որոշ հայրենակիցներ կարող էին ավելի սարսափելի պատասխան եւս ակնկալել, օրինակ՝ դժվարության դեպքում պետք է դիմել նախագահի վսեմաշուք եղբորը՝ Սաշիկին:

Կրկնեմ, հարցազրույցը ամբողջությամբ պարտավոր է կարդալ ամեն մի հայ:

Մեկնաբանել