Սերժ Սարգսյանը New York Times-ում հոդված չի հրապարակել

Սեպտեմբերի 24-ին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը տարածեց Սերժ Սարգսյանի մի հոդվածի տեքստ, որը, ըստ հաղորդագրության, հրապարակվել էր International New York Times թերթում։

Իրականում Սերժ Սարգսյանը International New York Times թերթում հոդված չի հրապարակել։ ՍիվիլՆեթը ևս հրապարակել էր այդ տեքստը՝ որպես New York Times-ում տպագրված հոդված, ինչի համար ներողություն է խնդրում։

Սերժ Սարգսյանի տեքստը International New York Times-ում տեղադրվել է որպես վճարովի գովազդ և ոչ թե որպես հոդված։ Հոդվածը թերթի էլեկտրոնային կայքում չկա, քանի որ գովազդային նյութերը թերթի առցանց տարբերակում տեղ չեն գտնում:

ՀՀ նախագահի մամուլի ծառայությունում ՍիվիլՆեթի հարցին, թե ինչու International New York Times-ի առցանց տարբերակում հոդվածը չկա, պատասխանեցին, որ այն կտեղադրվի ավելի ուշ: Հարցին, թե հնարավո՞ր է, արդյոք, որ հոդվածը թերթում որպես գովազդ է տպագրվել, ասացին. «Չենք կարծում»:

Թե որքան գումար է վճարվել Հայաստանի պետական բյուջեից New York Times-ի գովազդային էջը զբաղեցնելու համար, պարզել չհաջողվեց։

Մեկնաբանել