Բացառվում է ԼՂՀ-ի և ՀՀ-ի միջև մաքսակետը. ԼՂՀ վարչապետ

ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը բացառում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև մաքսակետի առակայությունը: Այս մասին նա հայտարարել հոկտեմբերի 1-ին Արցախի պետական համալսարանի ուսանողության և պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման ընթացքում՝ ի պատասխան հարցին՝ հնարավոր է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունից հետո ԼՂՀ և ՀՀ միջև մաքսակետ գործի, հաղորդում են ԼՂՀ վարչապետի մամուլի ծառայությունից:

«Երկու պատասխան նշեմ: Առաջին՝ բացառվում է մաքսակետ ունենալ ԼՂՀ և ՀՀ միջև: Ի դեպ, կան մարդիկ, ովքեր ներկա հսկիչ կետերը շփոթում են մաքսակետերի հետ, այնինչ դրանց գործառույթն ուղևորափոխադրումներն ու ապրանքաշրջանառությունը վերահսկելն է: Երկրորդ՝ անհնար է մաքսակետ ունենալ, քանի որ դա նշանակում է սահմանի վերահսկողություն սահմանապահների կողմից, իսկ ԼՂՀ և ՀՀ-ի միջև առկա են տասնյակ ճանապարհներ, որոնց հսկողությունը տեխնիկապես անհնար է»,- ասել է Արայիկ Հարությունյանը:

Հայաստանի կառավարությունը հոկտեմբերի 2-ի նիստին հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու պայմանագրի նախագծին:

Աստանայում մայիսի 29-ին ստորագրվել էր Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի կողմից Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը, որն ուժի մեջ կմտնի 2015թ․ հունվարի 1-ից: Փաստաթուղթը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում ստորագրել էին երեք երկրների նախագահները՝ Վլադիմիր Պուտինը, Ալեքսանդր Լուկաշենկոն և Նուրսուլթան Նազարբաևը։

Մայիսի 29-ին Աստանայում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Հայաստանը մտադիր է Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագրին միանալ մինչև հունիսի 15-ը։

Հուլիսի սկզբին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հույս էր հայտնել, որ «Հայաստանը ամենամոտ ապագայում կդառնա Եվրասիական տնտեսական միության լիարժեք անդամ»։

Ռուսաստանի կառավարությունն օգոստոսին հաստատել է Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը, որը ներկայացվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրմանը։ Ռուսաստանից բացի` պայմանագիրը պետք է հաստատեն նաև Ղազախստանի և Բելառուսի կառավարությունները։

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը` օգոստոսի 26-ին Մինսկում Մաքսային միության պետությունների ղեկավարների հանդիպման արդյունքներով հայտարարել էր, որ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում հոկտեմբերի 10-ին կայանալու են բանակցություններ, որոնց շրջանակում ծրագրվում է լուծել Հայաստանի և Ղրղզստանի` Եվրասիական տնտեսական միությանը միանալու հարցը։

Սեպտեմբերի 24-ին Սերժ Սարգսյանը ԱՄՆ Կոլումբիայի համալսարանում իր դասախոսության ընթացքում հայտարարել է, որ «Հայաստանն ընթացիկ տարում պատրաստվում է միանալ Եվրասիական տնտեսական միության հիմնադրման մասին պայմանագրին, որը նոր հեռանկարներ կբացի մեր տնտեսության հետագա զարգացման համար, ինչպես նաև հնարավորություններ՝ օտարերկրյա ներդրումների համար»:

Մեկնաբանել