Ուղղաթիռի կործանումը հակամարտության սրման վտանգ է պարունակում. ԵԱՀԿ գլխավոր քարտուղար

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիեր: ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիեր:

Լեռնային Ղարաբաղում հայկական ռազմական ուղղաթիռի կործանումը սառեցված հակամարտության սրման լուրջ վտանգ է պարունակում, հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը: Ռուսական ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, Զանիերն այդ հայտարարությունն արել է Եվրախորհրդարանի արտաքին հարցերով հանձնաժողովի լսումներին Բրյուսելում:

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական զինված ուժերը խոցել են ղարաբաղյան ռազմաօդային ուժերի ՄԻ-24 ուղղաթիռը, այսօր հաղորդել էր Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը:

Ադրբեջանի կողմից ղարաբաղյան ՄԻ-24 ուղղաթիռը խոցելու հետևանքով զոհվել է երեք մարդ, Թվիթերում գրել է ԼՂՀ վարչապետի խոսնակ Արտակ Բեգլարյանը: «Բաքուն չի սերտել օգոստոսյան դասերը: Ադրբեջանը զորավարժությունների ընթացքում խփել է Ղարաբաղի ՄԻ-24 ուղղաթիռը: Երեք զոհ»,- գրել է Բեգլարյանը:

Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ղարաբաղյան ուղղաթիռի խոցելը որակել է Ադրբեջանի «աննախադեպ սադրանք»:

Մեկնաբանել