17 բուժառու Արցախից տեղափոխվել է Հայաստան

Այսօր՝ հունիսի 26-ին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ 17 բուժառու՝ 11 ուղեկցողների հետ միասին, Արցախից տեղափոխվել են Հայաստանի մասնագիտացված բժշկական կենտրոններ, հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։

«Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 17 բուժառուների՝ 8 ուղեկցողների հետ միասին, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար»,- ասված է հաղորդագրությունում։

Գերատեսչությունից հայտնում են, որ Արցախի «Արևիկ» բուժմիավորումում ստացիոնար բուժում է ստանում 31 երեխա, 5-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում: «Հանրապետական բժշկական կենտրոն»-ում էլ ստացիոնար բուժում է ստանում 83 հիվանդ, 6 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում։

Հունիսի 15-ի առավոտյան Ադրբեջանի սահմանապահները Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով: Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում փորձը կանխվել է: Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքից հետո Լաչինի միջանցքով բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները արգելվել են Ադրբեջանի կողմից։ Տասն օր անց՝ հունիսի 25-ին, վերականգնվել է միայն բուժառուների տեղափոխումը Արցախից Հայաստան։

Մեկնաբանել