Թուրքիայի հոգեվարքը. Economist-ի անդրադարձը

Ataturk AirportԲրիտանական The Economist հանդեսը «Թուրքիայի հոգեվարքը» վերնագրով քննադատական հոդված է հրապարակել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Իսլամական պետության և Սիրիայի հարցերում քաղաքականության վերաբերյալ: Economist-ի համոզմամբ՝ Թուրքիայում ահաբեկչությունների շարքն այդ քաղաքականության հետևանքն է: Հոդվածը թարգմանաբար՝ ստորև:

Եկան տաքսիով, կրակ բացեցին անմեղ ուղևորների վրա և պայթեցրին իրենց, երբ թուրքական ոստիկանությունը սկսեց կրակել նրանց վրա։ Հունիսի 28-ին երեք ահաբեկիչներ հարձակվեցին Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանի վրա՝ սպանելով առնվազն 42 մարդու և վիրավորելով ավելի քան 200-ի: Եվրոպայի երրորդ ամենաբանուկ օդանավակայանի վրա հարձակման հետևանքով ավելի շատ մարդ զոհվեց, քան երբ մարտին Բրյուսելի օդանավակայանում եղավ ահաբեկչություն, որտեղ թիրախավորվել էին թե՛ օդանավակայանը, թե՛ մետրոն։ Ոչ ոք պատասխանատվությունն իր վրա չվերցրեց, բայց ապացույցները տանում են դեպի Իսլամական պետություն։

Եթե այդպես է, ապա դա վկայում է Իսլամական պետության մեծացող օպերացիոն կարողությունների մասին: Սա քաղաքային պատերազմ էր՝ շատ նման 2008թ. Մումբայում պակիստանյան ջիհադիստ Լաշքար-է-թաիբա խմբի իրականացրած հարձակմանը։ Արևմտյան անվտանգության կառույցները վաղուց մտավախությամբ սպասում էին նմանատիպ ահաբեկչության ժամանմանը Եվրոպա։ Սևազգեստ երեք ահաբեկիչները կրում էին ինքնաձիգներ և մահապարտի բաճկոններ։ Հարձակումը օդանավակայանի անվտանգության պարագծից դուրս սկսելով՝ նրանք խուսափեցին տերմինալի ներսում անվտանգության ստուգումներից։ Նման մարտավարությունը խոչընդոտելու բազմաշերտ պաշտանություն քիչ օդանավակայաններ ունեն, ինչպիսին օրինակ Իսրայելի «Բեն Գուրիոն» օդանավակայանն է:

Այս ոճրագործությունը կարող էր պատահել Եվրոպայի ցանկացած մասում։ Սակայն Թուրքիան վաղուց իրեն առանձնակի խոցելի է դարձրել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անընկալելի քաղաքականության հետևանքով։ Մենք նկատի չունենք Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման այս շաբաթվա գործարքը. դա պարոն Էրդողանի կողմից ողջամիտ պրագմատիզմի հազվադեպ օրինակ է, որը բոլորովին վերջերս է տեղի ունեցել և հազիվ թե հարձակման շարժառիթ դառնար։ (Համալիր ահաբեկչական գործողությունների համար, որպես կանոն, ամիսներ են պահանջվում)։

Սիրիայում պարոն Էրդողանի աղետալի քաղաքականությունն է նրա երկիրը կանգնեցրել վտանգի առաջ։ Վերջին ինը ամիսների ընթացքում Թուրքիայում ինը ահաբեկչական հարձակումների հետևանքով մոտ 250 մարդ է զոհվել։ Հիմնական մեղավորը, թվում է, Իսլամական պետությունն է, չնայած ահաբեկչությունների մի մասը կատարվել է Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) կողմից: Այս տարվա հոկտեմբերին Անկարայում Իսլամական պետության ենթադրյալ կողմնակիցների իրականացրած պայթյունի արդյունքում 102 մարդ զոհվեց: Իսլամական պետությունը Թուրքիայում ուժեղացավ 2011-ից հետո, երբ Էրդողանի կառավարությունը տասնյակ հազարավոր օտարերկրյա զինյալների թույլ տվեց օգտագործել Թուրքիայի տարածքը՝ Սիրիա մտնելու և նախագահ Բաշար Ասադին տապալել փորձելու համար, որի հանդեպ Էրդողանն առանձնակի հակակրանք ունի։ Թուրքիան գիտեր, որ նրանց մեծ մասը ծայրահեղական ջիհադիստներ էին։ Նրանցից շատերը միացան Իսլամական պետությանը՝ ստեղծելով այսօրվա հրեշին։ Նրանց թույլատրվեց նաև ահաբեկչական ենթակառուցվածք հիմնել Թուրքիայում, որն այժմ օգտագործվում է տանտերերին հարվածելու համար։

Իսլամական պետության մասով լրջանալու պահը

Իր սխալը ճանաչելու փոխարեն պարոն Էրդողանը կրկնապատկեց սխալները: Նրա մեծագույն մտավախությունն այն է, որ Սիրիայի քրդերը կարող են սեփական պետություն ստեղծել, որտեղից կոգեշնչեն Թուրքիայի քուրդ անջատողականներին։ Անցյալ տարի նա բորբոքեց PKK-ի հետ անիմաստ առճակատումը, որը սկսել էր Իսլամական պետությունը: Էրդողանը կարծում էր, որ դրանով ընտրական դիվիդենդներ կշահի. իսկապես, նա կրճատեց քրդամետ, չափավոր HDP-ի (Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն) աջակիցների թիվը: Սակայն պարոն Էրդողանը մնացած գրեթե ամեն ինչում սխալ է եղել։ Իսլամական պետության հարցով զբաղվելուն զուգահեռ նա այժմ ներգավված է Թուրքիայի հարավ-արևելքում լայնածավալ պարտիզանական պատերազմում:

Եթե պարոն Էրդողանը խելացի է, նա ավելի շատ պրագմատիզմ պետք է ցուցաբերի, ինչպես արեց այս շաբաթ Իսրայելի ու Ռուսաստանի հարցում՝ վերջինից ներողություն խնդրելով օդանավի խոցման համար։ Նա պետք է դադարի Թուրքիայի ներսում իսլամական պահպանողականների և արևմտյան աշխարհիկ ուժերի, ինչպես նաև էթնիկ թուրք ազգայնականների ու քրդերի միջև հակամարտությունը բորբոքել և իր առաջնահերթությունը պետք է դարձնելի Իսլամական պետությանը հաղթելը։ Էրդողանի բաժանարար ավտորիտար կառավարումը վերջին բանն է, որ պետք է Թուրքիային:

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Մեկնաբանել