Զինված բախում Երևանում. օր 3, թարմացվող

ՍիվիլՆեթը շարունակում է ուղիղ ռեժիմով լուսաբանել ծավալվող իրադադրձությունները: Հուլիսի 17-ի վաղ առավոտյան «Սասնա ծռեր» զինված խումբը հարձակվել է Երևանի Էրեբունի թաղամասում գտնվող Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա, այն վերցրել իր հսկողության տակ: Զինված բախման արդյունքում զոհվել է մեկ ոստիկան: Չորս հոգի վիրավորում է ստացել: Զինված խումբը պատանդ է վերցրել վեց ոստիկանի, այնուհետև երկուսիսն ազատ արփակել: Նրանք պահանջում են ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին, մյուս քաղբանտարկյալներին և Սերժ Սարգսյանի հրաժարականը: Ծավալվող իրադարձությունների ժամանակագրությունը՝ հուլիսի 17, հուլիսի 18:

***

22:06

Նիկոլ Փաշինյանն ասում է, որ գնդի մոտ լարվածության օջախ կա: Սարի թաղից քաղաքացիներ փորձել են գալ և պահպանվող տարածքից ներս մտնել: Նիկոլ Փաշինյանն ասում է, որ ոստիկաններն ասել են, որ այնտեղ ոստիկանության հետ բախում է տեղի ունեցել, և ոստիկանությունը փորձել է կանխել քաղաքացիների մուտքը պահպանվող տարածքից ներս, քաղաքացիները դիմադրություն են ցույց տվել, քարեր են նետել և այլն: Այդ կետից հետո թե ինչ է տեղի ունեցել… ոստիկանությունն ասում է, որ երեք ոստիկան տեղափոխվել են հիվանդանոց: Ըստ նրանց՝ ոչ հրազենային վիրավորումներից:

21:26

Ցուցարարներից մեկը հայտարարում է, որ արյունահեղությունը կանխելու միակ ձևը ՊՊԾ գնդի մոտ հավաքվելն է և այնտեղ մնալը:

21:00

Ժամը 20-ին մոտ կրակոցներ են հնչել ՊՊԾ գնդի տարածքից: Քաղաքացիները կարծել են, որ բախում է սկսվել, որից խառնվել են, իրարանցում է առաջացել, քաշքշուկ նրանց և ոստիկանների միջև: Այնուհետև ցուցարարներից մեկը բարձրախոսով հայտարարեց, որ հարձակում չի եղել: Վարուժան Ավետիսյանն ասել է, որ իրենք են եղել կրակողը: Նրանք կարծել են, որ ոստիկանությունը հարձակում է սկսել մարդկանց համար, դրա համար իրենք կրակել են: Հնչել է մոտ 10 կրակոց: civilnet.am/live

19:30

ԱԱԾ հայտարարությունը.

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է տեղեկատվություն տրամադրել 2016թ. հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության /ՊՊԾ/ գնդի տարածքի վրա կատաված զինված հարձակման հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Այս պահի դրությամբ ՀՀ իրավապահ մարմինների ներկայացուցիչները շարունակում են ինտենսիվ բանակցություններ վարել զինված խմբի անդամների հետ՝ առանց հատուկ գործողությունների իրականացման իշխանություններին նրանց հանձնվելը կազմակերպելու և պատանդներին ազատ արձակելու նպատակով: ՀՀ իրավապահ մարմիններն անում են հնարավոր ամեն ինչ զինված խմբին նոր արյունահեղությունից հետ պահելու համար, և ունեն բավարար ներուժ և կարողություններ իրենց առջև դրված խնդիրներն իրականացնելու համար: ՀՀ ԱԱԾ-ն հորդորում է բոլորին չմիջամտել իրավասու մարմինների բացառիկ գործունեության տիրույթում գտնվող հարցերի լուծմանը, չխոչընդոտել նրանց գործողությունների պատշաճ և արդյունավետ իրականացմանը, դրանով իսկ աջակցելով ցանկալի վերջնարդյունքի նվաճմանը:

18:42

davit sanasaryanԱկտիվիստ Դավիթ Սանասարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ երեկ իրեն բերման ենթարկելու պահին մեքենայի մեջ եղել են երեք հոգով և դաժան ծեծի են ենթարկել երեքին էլ: Նա նշեց, որ տեղի է ունեցել խոշտանգում և նվաստացում` իրեն ասել են. «իջեցրեք թող բոլորիդ բածինկեքը լպստի» և ձեռնաշղթայված վիճակում թքել են վրան: civilnet.am/live

17:54Ակտիվիստի տանը զենք չեն գտել

Այսօր` առավոտյան ժամը 9-ի սահմաններում ոստիկանության և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները կոտրել են քաղաքացիական ակտիվիստ Վարդան Գերավետյանի դուռը հետախուզություն իրականացնելու նպատակով: Գերավետյանի հարևանը` 75-ամյա Ջիվանը, ներկա է գտնվել խուզարկության ժամանակ: Նրա խոսքով ոստիկանները տարել են 7 հատ հեռախոս, WI-FI-ի սարք, մի քանի թղթեր և այլն: Ջիվանն ասաց որ ամբողջ տունը տակնուվրա են արել, սակայն իրենց ուզածը չեն գտել:

17:48

Ucom-ն անջատել էր բերման ենթարկվածների թեժ գծի համարը

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունն այսօր հայտարարություն է տարածել այն մասին, որ առավոտից Ucom-ն անջատել է բերման ենթարկվածներին սպասարկող թեժ գծի հեռախոսահամարը: Սիվիլնեթը կապ հաստատեց ՀԿ-ի ներկայացուցիչ Դանիել Իոանիսյանի հետ: Վերջինս նշեց, որ ողջ օրվա ընթացքում բարձրահարկ շենքում միայն իրենց կապն է ընդհատվել, սակայն լրատվամիջոցներին մեկնաբանություն տալուց հետո կապն արդեն վերականգնվել է:

Ucom-ից ՍիվիլՆեթի հարցմանն ի պատասխան ասացին, որ իրենք ֆիզիկական և իրավաբանական անձանց մասին երրորդ կողմին տեղեկություն չեն տալիս, և պատրաստ են հարցին պատասխանել, եթե նշված ՀԿ-ն դիմի իրենց:

16:40

Սիվիլնեթի թղթակիցը քիչ առաջ զրուցել է «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Պավել Մանուկյանի հետ, որն ուղիղ եթեր է պահանջում` իրենց պահանջները ներկայացնելու համար: Սիվիլնեթը կապ հաստատեց ոստիկանության մամուլի բաժնի հետ, որտեղից սակայն պատասխան չստացավ: Հարկ եղած դեպքում Սիվիլնեթը պատրաստ է արձագանքել կոչին և ուղիղ եթեր տրամադրել:

16:07

imagesԱյսօր երեկոյան 8-ին Վանաձորի կենտրոնական հրապարակում՝ մարզպետարանի մոտ, քաղաքի մի շարք երիտասարդական կազմակերպություններ հավաք են հրավիրել, որտեղ քննարկելու են ստեղծված իրավիճակը և իրենց քայլերը:

15:00

vartan oskanian (2)«Համախմբում» կուսակցության նախագահ, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը երկրի ղեկավարությանը կոչ է արել հանդես գալ հայտարարությամբ և խոսել ժողովրդի հետ: Ֆեյսբուքի իր էջում Օսկանյանը արել է հետևյալ գրառումը.

«Արդեն երրորդ օրն է՝ մեր երկրում աննախադեպ իրավիճակ է ստեղծվել։ Առկա է զինված առճակատում, կա արյունահեղության մեծ վտանգ, կա ողբերգական զարգացումների մեծ պոտենցիալ։ Փողոցներում և հրապարակներում մեր քաղաքացիներն իրենց մտահոգություններն ու անհանգստությունն են արտահայտում։ Իրավապահները հաճախ դիմում են անհիմն բռնաճնշումների, ինչն իր հերթին նպաստում է լարվածության մեծացմանը։ Մթնոլորտը երկրում ժամ առ ժամ շիկանում է։ Հայաստանը վատ իմաստով հայտնվել է միջազգային հանրության և միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։Այս պայմաններում արդեն երրորդ օրն է՝ երկրի նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը լռում են։ Աշխարհում չկա մի երկիր, մի նախադեպ, որ երկրի ղեկավարությունը ծայրահեղ լարվածության պահին օտարանա ժողովրդից և ասելիք չունենա։ Դժվար պահերին պետք է կարողանալ պատասխանատվություն վերցնել և հրապարակավ արտահայտվել։ Կոչ եմ անում, որ, որքան էլ դժվար լինի ձևակերպել ասելիքը, երկրի ղեկավարությունը տեսակետ հայտնի։ Հանրապետության նախագա՛հ, ԱԺ նախագա՛հ, վարչապե՛տ, հանդես եկե՛ք ուղերձով, խոսե՛ք ժողովրդի հետ, ելքեր առաջարկե՛ք։ Հակառակ պարագայում ձեր լռությունը անհասակնալի է թե՛ երկրի ներսում, թե՛ երկրից դուրս»։

14:17

zaruhi postanjyanԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ՊՊԾ գնդի մոտ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ ուզում է խոսել ոստիկանապետի, նրա տեղակալի հետ: «Ես ունեմ խնդրանք, ներս մտնել այդ տղաներին տեսնել, բայց իմ խնդրանքը մնացել է անպատասխան… Սա անտարբերություն չէ, հրահանգված լռություն է: Իսկ հրահանգիչը փակվել է Բաղրամյան 26-ում»:

«Հայաստանում իշխանությունը չի գործում: Պետք է ձևավորվի ժամանակավոր կառավարություն»: «Քաղաքացիները բոլորը պետք է ընդվզեն, այլ ձև չկա այս խնդիրը լուծելու: Իսկ խնդիրը քաղաքական է՝ Սերժ Սարգսյանը պետք է հեռանա»,- ասաց նա:

13:45

13719665_1693509167385619_4390321356085767973_oԱզգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանն անհանգստացած է, որ իրադարձությունների զարգացման մասին բաձրաձայնում է միայն Ազգային անվտանգության ծառայությունը և ոստիկանությունը, իսկ մյուս կառույցները լռում են: Նա լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ եթե գրոհ լինի, զոհեր լինելու են երկու կողմից:

12:48

Որոշ դադարից հետո Ենիգոմշյանը կրկին խոսեց լրագրողների հետ:

Նա ասաց՝ ստացել է հավաստիացում, որ բանակցությունները խզված չեն: «Գոհ եմ: Ակնկալվում է, որ երկու կողմերից սրացման գնացող և լարվածությունը ավելացնող քայլեր չլինեն: Հստակ է, որ այդ ուղղությամբ քայլերը վերջին 15 ժամերին ում կողմից են արվել»:

Ենիգոմշյանն ասաց՝ սպասում է, որ տղաների հեռախոսային կապը վերականգնվի: «Բնականաբար առանց այդ կապի, ես հեռախոսով չեմ ստանալու այդ պատասխանը, բայց պահանջում եմ, որ կապը վերահաստատվի»,- ասաց նա՝ հավելելով, որ կապի վերականգնման մասին հավաստիացում չի արվել, հավաստիացում է արվել, որ բանակցությունները խզված չեն:

12:30

alex yenigomshyanՀիմնադիր խորհրդարանի անդամ Ալեքս Ենիգոմշյանը զինված խմբի անդամների հեռախոսների անջատելը համարում է ոչ նպաստավոր քայլ բանակցությունների համար: Այս մասին քիչ առաջ նա հայտարարեց Էրեբունու ՊՊԾ գնդի մոտ լրագրողների հետ ճեպազրույցում:

Ենիգոմշյանը հանդես է գալիս որպես բանակցող ԱԱԾ-ի, զինված խմբի և ազատազրկման մեջ գտնվող Ժիրայր Սեֆիլյանի միջև: Ենիգոմշյանն ասաց, որ երեկ հանդիպել է ԱԱԾ պատասխանատուների հետ, նրանց փոխանցել է Սասնա ծռեր խմբի առաջարկ-պահանջը, որի պատասխանը ԱԱԾ-ն կտա այսօր երեկոյան ժամը 7-ին:

10:49

karo yeghnukyanՀիմնադիր խորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանը ՍիվիլՆեթին հեռախոսով տեղեկացրեց, որ ապստամբների և ԱԱԾ-ի միջև պայմանավորվածությունը վերջինիս կողմից խախտվել է: Նա նշեց, որ վերջին կապ ապստամբներից Վարուժան Ավետիսյանի հետ ունեցել է գիշերը 2:30-ի մոտ, և նա տեղեկացրել է պայմանավորվածության խախտման մասին:

Ըստ Եղնուկյանի՝ կողմերը պայմանավորվել էին, որ մինչև այս գիշեր տեխնիկա և ոստիկանական ուժեր չեն կուտակելու ՊՊԾ գնդի մոտ, սակայն երեկ գիշեր սկսել են տեխնիկա տանել այդ ուղղությամբ: Դրանից հետո Ազատության հրապարակում հավաքվածներին ապստամբները հորդորել են գնալ Էրեբունի, որպեսզի կանխվի տեխնիկայի շարժը: Շարժը, ըստ Եղնուկյանի, կասեցվել է, սակայն արդեն այնտեղ հասած տեխնիկան մնացել է տեղում:

2:30-ից հետո Եղնուկյանի կապն ընդհանտվել է ապստամբների հետ, նրանց հեռախոսներն անջատվել են: Այսօր առավոտյան Եղնուկյանը ուղիղ եթերում տեսել է, որ երկու ավտոբուս հատուկջոկատայիններ մտել են տարածք: Նրա խոսքով՝ այլ մուտքեր էլ կան, որտեղից կարող է տեխնիկա, մարդուժ մտնել, բայց այնտեղ տեսախցիկներ չկան:

Եղնուկյանի փոխանցմամբ՝ բանակցային միջնորդի դերում հանդես է եկել Հիմնադիր խորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանը: Հուլիսի 17-ին և 18-ին նրան տարել են Վարդաշեն ՔԿՀ, որտեղ հանդիպել է Ժիրայր Սեֆիլյանին, ապա տարել են Էրեբունու ՊՊԾ գունդ, որ հանդիպի ապստամբների հետ: Նա եղել է բանակցող կողմը այդ երեքի միջև: Բանակցությունների արդյունքը եղել է այն, որ ԱԱԾ-ն արել է որոշ առաջարկներ: Ապստամբներն ասել են, որ այս գիշեր կտան ԱԱԾ պահանջների պատասխանը: Եվ պայմանավորվածություն է եղել, որ մինչև այդ ժամանակ ոչ մի գրոհ չի լինի, զորքերի և տեխնիկայի շարժ չի լինի:

Իսկ թե ինչ առաջարկներ է ներկայացրել ԱԱԾ-ն, Եղնուկյանն ասաց, որ չգիտի, բանակցային մանրամասնություններին չի տիրապետում: Ըստ Եղնուկյանի՝ պայմանավորվածությունը փաստացի խախտվել է:

10:22

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը տարածել է հետևյալ հաղորդագրությունը.

Ինֆորմացիա կա, ըստ որի ներսում անջատել են Սասնա ծռերի անդամների հեռախոսահամարները և պատրաստվում են գրոհել նրանց վրա։ Հորդորում ենք քաղաքացիներին շտապ հավաքվել Էրեբունիում, իսկ լրատվամիջոցներին՝ լինել տեղում։

8:11

ՍիվիլՆեթի թղթակից Անի Գրիգորյանը քիչ առաջ հեռախոսազրույց ունեցավ զինված խմբի անդամ Վարուժան Ավետիսյանի հետ: Վերջինս հայտնեց, որ գիշերը լավ է անցել: Հրավառությունը իրենք են կազմակերպած եղել` նպատակ ունենալով ողջունել այն քաղաքացիներին, որոնք միացել էին իրենց: Ավետիսյանը հայտնեց նաև, որ որևէ ստույգ գործողությունների չեն պատրաստվում դիմել, քանի դեռ ոստիկանությունը հանգիստ է և չի ուժ կիրառում: Եվս մեկ պատանդ ազատ արձակելու հարցին նա պատասխանեց, որ չի քննարկվում այդ հարցը:

8:06

samvel babayanԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը հարցազրույց է տվել 7 օր կայքին և կոչ արել խուսափել արյունահեղությունից: Նա զինված խմբի ճարահատ և ծայրահեղ այս դրսևորման պատճառների համար մեղադրել է իշխանություններին:

«Լարված իրավիճակը ստեղծվել է ոչ թե ոստիկանության բաժանմունքի գրավումից հետո, այլ շատ ավելի շուտ։ Հիմա մենք հետևանքներն ենք տեսնում։ Երբ որ մարդկանց արհամարհում են ու նվաստացնում, երբ որ ժողովրդին հասցնում են այս վիճակին, ոմանց մոտ նյարդերը տեղի են տալիս ու մարդիկ հուսահատ քայլերի են դիմում։ Դանակը ոսկորին է հասել: Ես, իհարկե, չեմ ընդունում քաղաքական պայքարում բռնության կիրառումը, բայց եկեք անկեղծ լինենք՝ տարիներ շարունակ ժողովուրդն է բռնության ու ահաբեկման ենթարկվում՝ կլինի դա տնտեսական, սոցիալական կամ հոգեբանական բնույթի։ Չեմ ուզում արդարացնել կամ քննադատել տղաների արարքը։ Դրա ժամանակը չէ։ Կարևորը հետագա լարվածություն թույլ չտալն ու ելքեր գտնելն է։ Եթե խնդիրները չեն լուծվում, ապա դրանք կուտակվում ու պայթում են: Այս անգամ այս ձևով պայթեց: Եթե այսպես շարունակվի, ապա հետագայում ավելի մեծ պայթյուններ կարող են լինել»:

7:40

Կեսգիշերին հայտարարություն է տարածել Նոր Հայաստան շարժումը:

Անցած րոպեների ընթացքում ՊՊԾ գնդի տարածքում գտնվող «Սասնա Ծռեր» խմբի անդամներից տեղեկություն է ստացվել , որ տարածքի ուղղությամբ և տարածքի շուրջ նկատվում է ռազմատեխնիկայի շարժ: Ըստ տեղեկությունների, Ազատության հրապարակի վերևում նկատվել է ոչ քաղաքացիական տիպի անօդաչու սարքի թռիչք: Այս զարգացումները հուշում են , որ վարչախումբը, խախտելով «Սասնա Ծռեր» խմբի հետ տարվող բանակցությունների գործընթացը, մտադիր է մարտական գործողություններ իրականացնել ՊՊԾ գնդում գտնվող «Սասնա Ծռեր» խմբի անդամների նկատմամբ: Հավանական արյունահեղության ամբողջական պատասխանատվությունն ընկնում է ՀՀ վարչախմբի ուսերին:

Մեկնաբանել