20-ամյա Լուսինեն միայնակ հաղթեց Մետաքսի թաղի խուժանին

6Սահմանադրական փոփոխություններին դեմ հանդես եկող «Չե´ք անցկացնի» նախաձեռնության անդամ Դավիթ Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, որում պատմում է, թե ինչպես է հանրաքվեի օրը Երևանի ընտրատեղամասերից մեկում Լուսինե անունով 20-ամյա աղջիկը համառորեն պայքարել ընտրակեղծարարության դեմ և միայնակ հաղթել թաղի խուժանին:

«Մետաքսի տեղամասերից մեկում առավոտյան ID քարտերով քվեարկող խումբ էին բերել և ուրիշի փոխարեն քվեարկություն կազմակերպել: Լուսինեն, որը ՀԱԿ վստահված անձն էր այստեղ, նկատել էր, որ ID-կանայք ուրիշի փոխարեն են քվեարկում և փորձել էր կանխել կեղծիքը: Այդ պահից սկսած 20-ամյա այդ աղջնակը դարձել էր հանրապետական խուժանի թիրախը: Տարբեր կուսակցությունների անունից ներկայացած, բայց իրականում մեկ թիմ՝ կիսակրիմինալ տղամարդիկ, լաչառ կանայք ու թաղի լակոտներ, հարձակվել էր միայնակ աղջկա վրա և ուղղակի տեղում կհոշոտեր, եթե հանձնաժողովի կոնգրեսական անդամը չկարողանար զսպել այդ ոհմակին: Ցերեկը մտա այդ տեղամաս, Լուսինեին չէի ճանաչում, բայց մի քանի վայրկյանը բավական էր` պատկերացում կազմելու` ինչ է կատարվում այստեղ, ինչպես է այս փխրուն աղջիկը անձնազոհաբար պայքարում կազմակերպված բանդայի դեմ: Ես գնացի այլ տեղամասեր, բայց Լուսինեն խրվել էր կեղծարար ավազակախմբի կոկորդին, և սրանք բոլոր հնարավոր ձևերով փորձում էին ազատվել չենթարկվող ու չկաշառվող աղջկանից: Ժամը 6-ին վերադարձա այս տեղամաս. դրսում խումբ էր սպասում, որ երկրորդ անգամ մտնի ID քարտերով քվեարկության: Սպասում էին Լուսինեի չեզոքացմանը, պարզ ասել էին՝ կա´մ դուրս կգաս, կա´մ ուժով կհանենք: Լուսինեն տեղում էր և չէր պատրաստվում ոչ մի տեղ գնալ, նույնիսկ առաջարկեցի ուրիշ վստահված անձով փոխարինել, հրաժարվեց: Որոշեցի մնալ Լուսինեի կողքին. ես ուզում էի սեփական աչքերով տեսնել սկզբունքային ու նվիրյալ աղջկա հաղթանակը կրիմինալ կեղտի նկատմամբ: Հանձնաժողովականների նյարդերը տեղի տվեցին, ընկան հիստերիայի մեջ, փորձում էին տեղի ոստիկանների միջոցով մեզ դուրս հանել, հանձնաժողովի նախագահը մեկ հիստերիկ բռնկումների մեջ էր ընկնում, մեկ թաքուն անհետանում էր, բայց այդ ամենն արդեն անօգուտ էր. մենք հաղթեցինք ձայների կրկնակի առավելությամբ: Քիչ առաջվա հոխորտացող հիստերիկների ձայնն էլ չէր լսվում. դպրոցի մյուս 3 տեղամասերում հաջողացրել էին կեղծել, իսկ իրենք չէին կարողացել, որովհետև 20 տարեկան մի աղջիկ թույլ չէր տվել: 20 տարեկան Լուսինեն, որն առաջին անգամ էր մասնակցում ընտրական պրոցեսին, միայնակ հաղթել էր մարդկանց ձայները կեղծելու տասնըքանի տարվա փորձ ունեցող իրենց ոհմակախմբին:Իսկ դուք ասում եք Հայաստանը ապագա չունի, իսկ դուք ասում եք մենք պարտվել ենք… Հայաստանի ապագան Լուսինեն է: Լուսինեի լույսն այնքան ուժեղ է, որ ոչ մի ընտակեղծարար խավարում չի կարողանա իր սև գործը անել և Հայաստանը զրկել ապագայից…»,- գրել է Դավիթ Հովհաննիսյանը:

***

Պաշտոնական նախնական արդյունքներով սահմանադրական փոփոխություններին «այո» է ասել 825 851 ընտրող, «ոչ»` 421 600 ընտրող:

Դեկտեմբերի 6-ին սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի և քվեների հաշվարկի ընթացքում ՍիվիլՆեթը, այլ լրատվամիջոցներ, բազմաթիվ դիտորդներ ու քաղաքացիներ արձանագրել էին բազմաթիվ ընտրախախտումներ:

Նոր Սահմանադրությամբ Հայաստանը կիսանախագահական համակարգից անցում է կատարում կառավարման խորհրդարանական համակարգի:

Մեկնաբանել