Խորենացու փողոցի ցուցարարների մոտ եկավ նախկին արտգործնախարար, Համախմբում կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը։
Լրագրողների հետ ճեպազրույցում նրան հարցրին, թե ինչպես է տեսնում ելքը իրավիճակից։
«Ես այս հարցին մինաշանակորեն լուծում տեսնում եմ։ Եվ հենց այդ պատճառով էլ իմ թիմակիցների հետ եկել եմ՝ և՛ ոստիկանության ղեկավարության հետ խոսելու, և՛ առհասարակ ասելու, որ ժամանակն է իսկապես հարցը բերել քաղաքական հարթություն և հարցին տալ քաղաքական լուծում։ Մերժում եմ միտքը, որ սա փակուղային վիճակ է, լուծում չունի։ Փակուղային կարող է լինել միմիայն, եթե հարցը դիտարկենք իշխանության շահերից։ Եթե իշխանությունը փորձում է հաղթող դուրս գալ, այո՛, փակուղային վիճակ է։ Բայց սա այն խնդիրը չէ, որ պետք է հաղթել։ Այստեղ հաղթելու հարց չկա։
Խնդիրը պետք է դնենք ազգային, պետական հարթության վրա, ոչ թե նեղ քաղաքական, կուսակցական, իշխանական։ Սա շատ ավելի վեր է»,- ասաց Օսկանյանը։
Նա նշեց, որ եթե հարցը դիտարկենք միայն իրավական հարթությում, իհարկե շատ բարդություններ կարող են առաջանալ։ «Հարցը պետք է դիտարկել քաղաքական հարթությունում և տալ քաղաքական լուծում՝ գիտակցելով, որ այդ քաղաքական լուծումն ունենալու է իրավական որոշ հետևանքներ, որն ընդունելի կլինի երկու կողմերի համար»։
Եթե իշխանություններն այս կրիտիկական պահին ասեն, որ իրենք «հանցագործների հետ չեն բանակցի, տեռորիստների հետ չեն բանակցի, ես հետևյալ հարցն եմ ուզում տալ նրանց՝ ուրեմն կարելի է բանակցել պրոտոկոլները թուրքերի հետ, որ 1,5 միլիոն հայ են ջարդել, բանակցել Ադրբեջանի հետ, որ մեր հայրենակիցների գլուխն է կտրում, աչքերն են հանում,- ուրեմն նրանց հետ կարելի է բանակցել, իսկ այս տղաների հետ, որ Ղարաբաղ են ազատագրել , չի՞ կարելի բանակցել»։
Ըստ Օսկանյանի՝ իշխանությունները շատ կոշտ դիրքորոշում են որդեգրել, ժամանակն է մեղմացնել այդ դիրքորոշումը։«Ես տիրապետելով բանակցաին նրբություններին՝ հստակ տեսնում եմ լուծումը»։
«Ինչպես նախկինում է եղել ինձ հետ, ես զգում եմ, որ սա կրիտիկական պահ է։ Երկու կողմերն էլ պետք է քաղաքական կամք դրսևորեն։ Երկու կողմերին էլ արժանավայել ելք պետք է տալ։ Մենք պետք է բանակցությունները սկսենք, և ես այդ լուծումը տեսնում եմ»։
Լրագրողի դիտարկմանը, որ Օսկանյանը վկայակոչում է ճգնաժամի իր փորձը, արդյոք նկատի ունի՞ մարտի 1-ը, նախին արտգործանախարարը պատասխանեց․
«Այո։ Այսօր եթե իշխանությունում լինեի, կանեի այն, ինչ մարտի 1-ի օրը։ Արյունահեղությունը ոչ ոքի պետք չէ։ Մեկ զոհն անգամ արդեն շատ է։ Այդպիսի բան մենք չպետք է թույլ տանք հատկապես մարտի 1-ից հետո»։
Հարցին, այս տղաներն ի՞նչ են՝ ահաբեկիչ, հերոս, Օսկանյանը պատասխանեց․ «Մեր եղբայրներն են։ Սա հուսալքության, հիասթափության արդյունքն է։ Իշխանությունները բոլոր հնարավորությունները փակել են։ Սա նրանց խոր հիասթափության հետևանքն է»։
Օսկանյանը նշեց, որ պետք է լուծել տղաների սննդի հարցը․ «Օղակը սեղմում են։ Դա նշանակում է, որ այլ նպատակներ կան խնդիրը լուծելու»։