Հայաստան, որ կա մեր աչքերում, բայց հաստատակամ չէ մեր բռունցքներում

Լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի, Hetq.am Լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի, Hetq.am

Մենք տեսել ենք կարոտը… սեփական կյանքը զրոյացնելու դիմաց լավագույն ապագայի կարոտը, մենք դա տեսել ենք մութ ու ցուրտ տարիներին վառելիք կրող, սնունդ հայթայթող մեր ծնողների աչքերում: Մենք տեսել ենք ծխի ու մրի մեջ կորած ննջասենյակում գիշերվա հեքիաթ կարդացող մեր ծնողի հավատը, որ իր կորսված երիտասարդությունը մեր գտնված ապագան է լինելու: Մենք գիտենք, որ մեր այսօրը կառուցվել է իրենց «էրեխեքի համար լավ կլինի» ամեն օրում: Մենք վերցրել ենք ու տանում ենք լավագույն երազները, մենք դրանց ծնունդն ենք, մենք երկրաշարժի, ջարդի ու պատերազմի հուսահատության, պայքարի ու հաղթանակի ուժի ծնունդն ենք:

Մեզ ասել են՝ օրենքից դուրս գործող միջավայրում եք ծնվել, բայց մենք սերտել ենք մեր երակների կանչը՝ ապրել օրենքով ու պահանջել նրա գերակայությունը:Մենք քիչ ենք տեսել, բայց շատ ենք լսել: Հուզվել ենք ու անհասկանալի ցավ ապրել Արցախյան մարտերի, 88-ի Ազատության հրապարակի տեսանյութերը դիտելիս: Գիտենք, որ այդ կադրերում ծնվում էինք մենք, որ կրենք երազն ու շարունակենք… բայց ընդամենը մի քանի ամիս առաջ մենք մեզ տեսանք սևուսպիտակից ու ժամանակի խզբզանքից մաքրված կադրերում, դիցաբանական պատումների մշուշը ցրվեց, և արդեն մեր տղերքը դարձան առասպել, որ կպատմենք մեր զավակներին: Եվ նրանք կլսեն ու երազող աչքերով կնայեն տղերքի նկարներին՝ մտածելով, թե հերոսների ժամանակն այնպես հեռու է, ճիշտ այնպես, ինչպես մենք էինք կարծում: Եվ մեր զավակները կհերոսանան հայրենիքը այլ բարձունքների հասցնելով: Իսկ մինչ այդ մենք պետք է ավարտին հասցնենք տասնամյակներ ձգվող այս երազանքը…

Մենք փորձել ենք նույն հուզմունքը տեսնել 2008-ին՝ արդեն մեր աչքերով, մենք փորձել ենք այդ անհասկանլի, տիեզերքից մեզ տրված, ինչ-որ տեղ՝ մեզ պարտադրված առաքելությունը իրականացնել ազատ ու անկախ հայրենիքի կոչով առաջնորդվող հրապարակներում, պուրակներում ու փողոցներում… փորձել ենք…

Հասկանո՞ւմ եք: Մենք ապրում ենք մի ցավով, որի պատճառը չենք կրել, սակայն որի ապաքինումը միայն մենք ենք կարող հաթայթել: Յոթ սարից, յոթ ծովից այն կողմ գտնվող աղբյուրը միայն մենք ենք կարող գտնել, ոչ թե որովհետև ուրիշ ոչ ոք չի կարող այդքան հեռուն գնալ, այլ որովհետև ուրիշ ոչ ոք չի կարող արթնացնել ծանր քարերի տակ նիրհած աղբյուրները: Մենք կանչ ու կոչ ենք, մենք երգ ու զենք ենք:

Օրենքն ըստ էության՝ սահմանափակում է, սակայն օրենքի սահմանները վերանում են իր թույլատրած իրականության մատուցած անսահմանության մեջ: Մենք գիտենք, թե որտեղ գծել այն սահմանը, որը կտա մեզ այդքան սպասված ազատությունը:

Մենք Հայաստանն ենք, որ այսօր եկել է: Այն կա մեր աչքերում, բայց դեռևս հաստատակամ չէ մեր բռունցքներում:

Մենք ծնվել ենք մի պայքարի հորձանուտում, որը չի ավարտվի, քանի դեռ մենք հոսում ենք՝ ամուր կանգնելու ու ալիքներ ձևովորելու փոխարեն:

Մենք երազանքի ծնունդ ենք:

Եվ այդ երազանքը մերն է, քանի որ երազողները այն վերագրում էին ապագային, որ մեր ներկան է: Մեր երազը արյունով չի գրված, այն գրված է սիրով ու հավատով: Մենք սիրո և հավատի ծնունդ ենք:

Մեկնաբանել