Օսիպյան, «հեռացիր»

valeri osipyan at baghramyan avenueՈ՞ր մի անադեկվատի մտքով է անցել Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին պատանդառության հաջորդ օրը ուղարկել աշխատանքի: Այս պետության մեջ մի կենդանի հոգեբան չկա՞, որ իշխանությանը բացատրի՝ այդ մարդը պետք է անցնի վերականգնողական փուլ, այդ մարդը գուցե ինքնանվաստացվել է էն փաստից, որ իր կամքից անկախ հայտնվել է հարազատներից հեռու, մինդեռ «տունն այնքան մոտ է, բայց ներս մտնել չի կարող», գուցե հոգեկան այնպիսի ապրումներ է ունեցել, որոնք իր երեխաներին ութ օր առանց գրկից իջեցնելու չի կարող սրբել:

Գուցե նա վրեժի զգացումով է անցել գործի, գուցե հենց հրաման տան ժողովրդի վրա հարձակվելու, նա դա անի կրկնակի եռանդով: Հենց միայն այդ փաստից, որ Օսիպյանն անցել է աշխատանքի, երևում է, որ Հայաստանի Հանրապետությունում պետական կառավարման մարմիններն իրենց տեղում չեն: Էդ մարդը պետք է առժամանակ հանգստանար, առժամանակ հեռու լիներ ոստիկանական կամ զանգվածային հավաք ենթադրող որևէ միջավայրից, էդ մարդը պետք է հեռու լիներ զենքից, էդ մարդը պետք է հիմա, թեկուզ Վառնայում ծովի ափին Չայկովսկու «Կարապի լիճը» վայելեր: Ինչ էլ մենք մտածենք Վալերի Օսիպյանի մասին, նա ծանր ժամանակներ է ապրել, նա պետք է դուրս գար այս գործընթացներից, որոնց զոհերից մեկն էլ ինքն էր: Կադրերում նա հոգեպես «ջրազուրկ» է երևում, և դա շատ հասկանալի է: Վալերի Օսիպյանն այլևս նախկինը չէ: Նա ոչ մեկի ծառան չէ, եթե նույնիսկ ինքն իրեն այդպիսին է համարում, եթե նույնիսկ սիրահարված է Սերժ Սարգսյանին կամ ՀՀ ոստիկանապետին, որի պատվի հարցն է ժողովրդի դեմն առնելը, եթե նույնիսկ «ծառայում է Հայաստանի Հանրապետությանը»: Ու՞ր է պետությունը առանձին վերցրած մեկ մարդու հոգեկան ճգնաժամերի առջև պատասխանատվության մեջ: Պատանդառությունից մեկ օր հետո նա դեռ «որոճում» է պատանդության 7 օրերը, նա դեռ չի մարսել նույնիսկ առաջին օրը, երբ հասկացավ, որ այս պատմությունը շատ ջուր կքաշի: Ինչու՞ եք որոշել նրան ուղարկել թելուզ մի գործի, որտեղ ինքն իրեն զգում է ինչպես ձուկը ջրում: Գուցե ինքն այլևս ձուկ չէ, եթե նույնիսկ ջուրը ջուր է: Ինքն արդեն Խորենացիում հավաքվածների անհարմարավետությունն է որպես մի մարդ, որը ցանկացած պահի կարող է ափերից դուրս գալ նախկինից ավելի մեծ եռանդով:

Վալերի Օսիպյանը մարդ է: Նա պետական ծառայության մեջ գտնվելիս է դարձել պատանդ: Վատ թե լավ, նա ըստ օրենքի, ներկայացնում է պետությունը: Նրան առժամանակ հեռու պահեք զանգվածներից, վերցրեք նրա ձեռքից զենքը, թույլ մի տվեք, որ հրահանգներ տա, աշխատեք նրա հետ պետության ամբողջ պատասխանատվությամբ: Եթե չգիտեք, թե ինչ է պատասխանատվությունը,-իսկ դուք, իհարկե, չգիտեք,-մասնագետներ հրավիրեք դրսից, հո մենակ ռուսական «Ալֆա» հրավիրելով չէ: Դուք պատկերացնու՞մ եք նրա ճգնաժամը, երբ լսել է, որ «Ալֆան» գալիս է: Ինքը հո գիտի՞, թե ինչ անմեղ զոհեր են արժեցել «Ալֆայի» գրոհները Բեսլանում և Նորդ Օստում: Առաջիկայում հանգիստ թողեք Վալերի Օսիպյանին: Եվ լավ կանեք, որ ընդհանրապես բացառեք նրա շփումները զանգվածների հետ: Դուք արդեն ապացուցել եք, որ նրա ուսերին միշտ ծանր բեռ եք դրել: Չէ՞ որ նրա բացակայությամբ ժողովրդին ցրելու, համոզելու, երկխոսելու գործն անում էր ոչ թե Երևանի մեկ այլ փոխոստիկանապետ կամ նույնիսկ Երևանի ոստիկանապետը, այլ ՀՀ փոխոստիկանապետը: Այսինքն, եթե Օսիպյանը չկա, դա իրականում ՀՀ փոխոստիկանապետի գործ է, այսինքն, ավելի լուրջ մոբիլիզացիա պահանջող գործ: Վալերի Օսիպյանը միշտ է եղել զոհ: Նույնիսկ այն ժամանակ, երբ առանց բարդույթների հրահանգել է ջարդել ժողովրդին: Այս օրերին դեպքերի զոհ էր նաև նրա ընտանիքը: Մենք չենք ասում, որ պարոն Օսիպյանը հոգեկան հիվանդ է, բայց «Սասնա ծռերի» գործողությունների հետ համաձայն քաղաքացին նույնպես պետք է դիմադրողականություն ունենա այդ տղաների գործողություններից տուժածի հանդեպ: Հանկարծ ու նրա աչքերի առաջ հայտնվեց պատանդ ընկնելու առաջին օրը: Դուք պատկերացնու՞մ եք նրա ագրեսիան: Մինչև հիմա ինքն անգամ ժողովրդի ծեծ ու ջարդին չէր մասնակցել, եղել է զուտ ուղղորդող և հրահանգող: Հիմա կմասնակցի:

Եվ եթե նա անցել է աշխատանքի, ինչու՞ է որպես պետության ներկայացուցիչ և հասարակության հարկերով ապրող մարդ հրաժարվում շփվել լրագրողների հետ: Թող խոսի և թող հասարակությունն ինքը գնահատի նրա ադեկվատության չափը, թող համակարգչի առջև նստած մի հոգեբան պարզաբանի՝ արժե՞, որ այս մարդը կանգնի ժողովրդի և զինյալների միջև, որոնք միմյանց հանդեպ անխորտակ համակրանք ունեն: Նրան աշխատանքի ուղարկելով՝ դուք հասարակությանը զրկում եք խղճմտանքի այն «աշխուժությունից», որ կար դեպի Վալերի Օսիպյանը և մյուս պատանդները: Ճիշտ է՝ գուցե նրանք դասական առումով պատանդ չեն եղել: Բայց Վալերի Օսիպյանը պատանդառության առաջին ակնթարթներին, ոչ մի կասկած, իրեն լքված է զգացել: Հենց այդ առաջին ակնթարթներն էլ գուցե հաշմել են նրա միջի այն մարդուն, որը դեռ պատանդառությունից առաջ այնքան էլ հավասարակշիռ չէր: Այդ մարդը առժամանակ պետք է հեռացվի իր աշխատանքից: Թե՞ ձեր ուզածը հենց դա է՝ մեծ ճգնաժամ տարած մարդուն դուրս բերել ժողովրդի դեմ, քանի որ հիմա ավելի «լավ» կիմանա, թե ինչը ոնց անի:

Մեկնաբանել