Ես գիտակցված գնացել եմ նահատակվելու՝ հանուն ժողովրդի. Աշոտ Պետրոսյան

2 (1)«Սասնա ծռեր» խմբի անդամ Աշոտ Պետրոսյանը շարունակում է օգոստոսի 4-ից սկսած հացադուլը և հրաժարվում է բժշկական օգնությունից․ այս մասին ՍիվիլՆեթին տեղեկացրեց նրա պաշտպան Արայիկ Պապիկյանը։

«Աշոտն ինձ ասում է՝ ես գիտակցորեն գնացել եմ նահատակվելու հանուն իմ ժողովրդի, սնունդից կամ բուժօգնությունից հրաժարվելն ինձ համար ոչինչ չի փոխելու»,- Պետրոսյանի խոսքերը ՍիվիլՆեթին փոխանցեց Արայիկ Պապիկյանը։

Պաշտպանը հավելեց, որ գեղանկարիչ Աշոտ Պետրոսյանը ցանկություն է հայտնել հանդիպել կոմպոզիտորներ Տիգրան Մանսուրյանին և Ռոբերտ Ամիրխանյանին՝ առանց մանրամասնելու իր ցանկության պատճառները։ Պետրոսյանի զավակներն այժմ փորձում են կապ հաստատել կոմպոզիտորների հետ՝ իրենց հոր ցանկությունը փոխանցելու համար։

«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում մեկ շաբաթից ավելի գտնվող Աշոտ Պետրոսյանի պաշտպանները տարբեր միջոցներ էին ձեռնարկում՝ իրենց պաշտպանյալին «խավարասերներով լի» սենյակից այլ սենյակ տեղափոխելու համար։ Մի քանի օր առաջ նրանց պահանջը բավարարվեց։

«Այժմյան սենյակը նույնպես վերապահումներով կարող է հիվանդասենյակ կոչվել, բայց նախկինի հետ համեմատելի չէ։ Այստեղ նվազագույն պայմանները գոնե ապահովված են։ Այժմ Աշոտի առողջական վիճակը բավարար է, սակայն ես շարունակում եմ պնդել, որ հրազենային նման վնասվածք ստանալու դեպքում դեռ մի քանի օր էլ նա պետք է քաղաքացիական հիվանդանոցում բուժում ստանար»,- նշեց Արայիկ Պապիկյանը։

Հուլիսի 25-ի երեկոյան ՊՊԾ գնդի տարածքում ոստիկանության և «Սասնա ծռեր»-ի միջև տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով հրազենային վիրավորում էին ստացել խմբի անդամներ Աշոտ Պետրոսյանը և Հովհաննես Հարությունյանը, որոնց տեղափոխել էին «Էրեբունի» բուժկենտրոն, ապա «Դատապարտյալների հիվանդանոց»:

Մեկնաբանել