Աշոտ Կարապետյանն ազատվել է Երևանի ոստիկանապետի պաշտոնից

Ashot KarapetyanՈստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանն օգոստոսի 8-ին ազատվել է զբաղեցրած պաշտոնից, հաղրդում են ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնից։

Ոստիկանության հաղորդագրության մեջ հիշեցվում է նաև, որ ոստիկանությունում ընթացող ծառայողական քննությունների արդյունքներով, ոստիկանության պետի հրամաններով՝ ոստիկանության մի շարք ծառայողներ, այդ թվում՝ Աշոտ Կարապետյանը, ավելի վաղ ենթարկվել էին կարգապահական տույժերի։

Երևանի ոստիկանապետին խիստ նկատողություն էր արվել ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու` ենթակա ուժերը հասարակական կարգի պահպանման ու հասարակական անվտանգության ապահովման ուղղությամբ ճիշտ չտեղաբաշխելու, իրավիճակից բխող պատշաճ միջոցառումներ չձեռնարկելու, պահպանվող անվտանգության գոտի երթի մասնակիցների մուտքը ժամանակին չսահմանափակելու, ինչպես և քաղաքացիների ու լրագրողների նկատմամբ բռնություն կիրառելու և լրագրողական տեխնիկան վնասելու դեպքերը կանխելու ուղղությամբ բավարար միջոցներ չձեռնարկելու համար։

Աշոտ Կարապետյանը Երևանի ոստիկանապետի պաշտոնը զբաղեցնում էր 2013թ․ ապրիլի 15-ից։

Մեկնաբանել