Մեղադրանք երկու ոստիկանի՝ Բաղրամյանում լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար

MHM96957Անցած տարվա հունիսի 23-ի գործով մեղադրանք է առաջադրվել ոստիկանության երկու սպայի՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար, հաղորդում են Հատուկ քննչական ծառայությունից։

ՀՔԾ հաղորդագրության համաձայն՝ 2015թ․ հունիսի 23-ին Երևանի Բաղրամյան պողոտայում, Ազատության հրապարակում և հարակից տարածքներում ոստիկանության ծառայողների կողմից առերևույթ բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնեական դիրքն օգտագործելով` լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում իրականացված նախաքննության ընթացքում մեղադրանք է առաջադրվել ոստիկանության աշխատակիցներ՝ ոստիկանության փոխգնդապետ Գ. Դ.-ին և ոստիկանության կապիտան Տ. Հ.-ին:

«Ոստիկանության փոխգնդապետ Գ. Դ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015թ․ հունիսի 23-ին խոչընդոտել է լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը, ինչպես նաև վնասել է վերջիններիս աշխատանքային գործիք հանդիսացող տեխնիկան՝ պատճառելով խոշոր չափերի գույքային վնաս:

Բացի այդ, ոստիկանության կապիտան Տ. Հ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ վերջինս հիշյալ օրը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, խոչընդոտել է լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը»,- ասված է հաղորդագրության մեջ:

ՀՔԾ-ից հիշեցնում են, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչը դատախազի հաստատմամբ որոշում էր կայացրել՝ ոստիկանության հիշյալ ծառայողների պաշտոնավարությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին:

***

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2015թ․ հունիսի 17-ին որոշում կայացրեց օգոստոսի 1-ից բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը՝ ցերեկային սակագինը գործող 41.85 դրամ/կՎտժ-ից 48.78 դրամ, գիշերայինը՝ 31.85 դրամից` 38.78 դրամ:

Հունիսի 19-ին Երևանում` Ազատության հրապարակում, մեկնարկեցին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ցույցերը: Հունիսի 22-ին ցույցը տեղափոխվեց Բաղրամյան պողոտա: Հունիսի 23-ի լուսաբացին ոստիկանությունը ցրեց նստացույցը՝ բերման ենթարկելով և նույն օրը ազատ արձակելով 237 քաղաքացու:

Ջրցան մեքենայի, քաղաքացիական հագուստով ոստիկանների մասնակցությամբ իրականացված ոստիկանական գործողությունից իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս տուժել ու բերման էին ենթարկվել նաև մի շարք լրագրողներ: Ոստիկանները կոտրել էին նրանց աշխատանքային տեխնիկան, առգրավել տեխնիկայի և հեռախոսների հիշողության քարտերը:

Մեկնաբանել