Դատախազը Պերմյակովի համար ցմահ ազատազրկում պահանջեց

Screen-Shot-2015-08-12-at-7.36.50-PMԳյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության գործով այսօրվա դատական նիստին դատախազ Գևորգ Գևորգյանը մեղադրյալ Վալերի Պերմյակովի համար պահանջեց ցմահ ազատազրկում։

«Միջնորդում եմ ռուս զինծառայող Վալերի Պերմյակովին մեղավոր ճանաչել Գյումրիում 2015թ․ հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության, որն ուղեկցվել է ավազակային հարձակմամբ, ինչպես նաև հայ-թուրքական սահմանի ապօրինի հատման փորձի մեջ, և նրա համար պահանջում եմ պատիժ՝ ցմահ ազատազրկման տեսքով»,- հայտարարեց Գևորգյանը դատական նիստին։

Պերմյակովի փաստաբան Էդուարդ Աղաջանյանը միջնորդություն ներկայացրեց դատական նիստը մեկ շաբաթով հետաձգելու վերաբերյալ՝ պաշտպանական ճառին պատրաստվելու նպատակով։ Դատարանը բավարարեց միջնորդությունը։

***

2015թ․ հունվարի 12-ին Գյումրիում սպանդի ենթարկվեց Ավետիսյանների յոթհոգանոց ընտանիքը։ Ոճրագործության համար մեղադրվում է Գյումրիի ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը, որը, ըստ պաշտոնական վարկածի, ձերբակալվել է ռուս սահմանապահների կողմից՝ հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս։

2015թ․ հուլիսին ռուսական կողմը համաձայնեց Պերմյակովի գործը` սապնության մասով, հանձնել ՀՀ քննչական կոմիտեի վարույթ: Հայաստանում 5-րդ կայազորային զինվորական դատարանը անցյալ տարվա օգոստոսի 12-ին վճռեց Պերմյակովին դատապարտել խիստ ռեժիմով 10 տարվա ազատազրկման` զենքով դասալքության, զենք, զինամթերք հափշտակելու և ապօրինի կրելու մասով:

Պերմյակովը մեղադրվում է նաև բնակարան ապօրինի մուտք գործելով և զենքի գործադրմամբ ավազակային հարձակման և ՀՀ պետական սահմանը ապօրինի հատելու փորձի մեջ: Նա իրեն մեղավոր է ճանաչել ներկայացված բոլոր մեղադրանքներում։

Սպանության գործով դատավարությունը մեկնարկել է 2015թ․ դեկտեմբերի 18-ին։

Մեկնաբանել