Ընտրելու անհրաժեշտություն չկա. Վաշինգտոնը հակադարձում է Էրդողանին

Elizabeth-TrudeauԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչ Էլիզաբեթ Տրյուդոն ամենօրյա ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությունը, թե Վաշինգտոնը պետք է ընտրի Ֆեթուլլահ Գյուլենի և Թուրքիայի միջև:

Սկզբից Տրյուդոն փորձել է խուսափել Էրդողանի խոսքերը մեկնաբանելուց՝ նշելով, որ մտադիր չէ խոսել օտարերկրյա առաջնորդների հայտարարությունների մասին. «պարզաբանումներ տալը նրանց գործն է»: Սակայն հարցի մի քանի անգամ վերաձևակերպվելուց և հնչեցվելուց հետո Տրյուդոն հայտարարել է, որ «ԱՄՆ-ի դաշնակից Թուրքիայի» և Գյուլենի միջև ընտրելու անհրաժեշտություն չկա:

«ԱՄՆ-ի դիրքորոշումը շատ հստակ է: Թուրքիան մեր բարեկամն է, մեր գործընկերը, ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցը: Մենք կանգնած ենք ժողովրդավարական ճանապարհով ընտրված Թուրքիայի կառավարության կողքին»,- ասել է Տրյուդոն՝ նշելով, որ չի կարծում՝ «խոսքը ընտրության մասին է գնում»:

Ինչ վերաբերում է Անկարայի՝ Գյուլենին արտահանձնելու պահանջին, ապա, ինչպես մի քանի անգամ ընդգծել է Պետքարտուղարության ներկայացուցիչը, դա իրավական գործընթաց է, որը կարող է տևել ամիսներ կամ տարիներ:

«Մենք ավելի վաղ խոսել ենք այդ հարցի շուրջ: Արտահանձնման վերաբերյալ համաձայնագիրը ստորագրված է երկկողմ կարգով: Գործընթացը հստակ սահմանված է, այն չի կարող ենթարկվել զգացմունքների և քաղաքականության ազդեցությանը: Մենք ստացել ենք փաստաթղթեր, որոնք շարունակում ենք ուսումնասիրել: Մենք շարունակում ենք սերտ կապի մեջ մնալ մեր թուրք գործընկերների հետ: Սակայն դա գործընթաց է, որը կարգավորվում է օրենքով»,- պարզաբանել է Էլիզաբեթ Տրյուդոն:

***

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը օգոստոսի 10-ին ԱՄՆ-ից կտրուկ պահանջել էր արտահանձնել Փենսիլվանիայում բնակվող իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին, որին պաշտոնական Թուրքիան մեղադրում է հուլիսի 15-ին երկրում ռազմական հեղաշրջման փորձ կատարելու մեջ:

«Վաղ թե ուշ ԱՄՆ-ը պետք է ընտրություն կատարի՝ կա՛մ Թուրքիան, կամ FETO-ն [Թուրքիայի իշխող՝ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը Գյուլենի հիմնած «Հիզմեթ»շարժումն անվանում է FETO` «Գյուլենական ահաբեկչական կազմակերպություն» – ՍիվիլՆեթ]: Կա՛մ հեղաշրջում կազմակերպող FETO-ն, կա՛մ ժողովրդավարական Թուրքիան: Նա պետք է անի իր ընտրությունը»,- ասել էր Էրդողանը:

Հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ, որի արդյունքում զոհվել է 240 մարդ, վիրավորվել է 2200-ը: Թուրքիայի կառավարությունը տեղի ունեցածում մեղադրում է 1999-ից Փենսիլվանիայում բնակվող Ֆեթուլլահ Գյուլենին: Ինքը՝ Ֆեթուլլահ Գյուլենը հերքում է իր մասնակցությունը հեղաշրջման փորձին և CNN-ին տված հարցազրույցում ասել է, որ այն ավելի շատ նման է հոլիվուդյան ֆիլմի:

Մեկնաբանել