Համակարգային ճգնաժամի խնդիրները Հայաստանում

2008 թվականին Սերժ Սարգսյանի իշխանության գալը ուղեկցվեց համակարգային խորը ճգնաժամով: Նախագահական ընտրությունները լուրջ մարտահրավեր նետեցին Հայաստանի կառավարման համակարգին՝ ճեղքեր ստեղծելով իշխանության ներսում. նույնիսկ պատգամավորների մի խումբ ճամբար փոխեց, Մանվել Գրիգորյանը հայտարարեց, որ կմիանա պայքարին, սակայն ուժային կառույցների միջամտությունը փոխեց իրավիճակը: Մարտի 1-ին ուժի կիրառումից հետո փողոցային պայքարը ճնշվեց, որից հետո համակարգը սկսեց բռնաճնշումների միջոցով փակել իշխանափոխության ցանկացած սցենար:

Հայաստանում վերջին 25 տարիների ընթացքում իշխանության փոփոխություն փողոցային տարբերակով տեղի չի ունեցել ուժեղ բյուրոկրատիայի, մասնավորապես՝ ուժային կառույցների պատճառով: Այստեղ պետական ապարատը ձևավորվել է տարերայնորեն, որում մեծ նշանակություն է ունեցել ղարաբաղյան պատերազմը: Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանը ժամանակ չունեցավ զբաղվելու պետական ապարատի բնականոն ստեղծմամբ ու զարգացմամբ. երկրում պատերազմ էր, ու պատերազմի առաջխաղացումը կանխելու համար առաջնային էր ստեղծել ուժային կառույցներ, որոնք հետագայում դարձան Հայաստանի պետական ապարատի հենասյուները:

Պետական ինստիտուտների ձևավորման գործում բոլոր ժամանակներում կարևոր են եղել պատերազմները: Չարլզ Թիլիի հայտնի տեսությունը, թե պատերազմն ազդում է պետության ձևավորման վրա, իսկ պետությունը պատերազմ է սկսում, արտացոլում է Հայաստանում պետականության ձևավորման գործընթացը: Օրինակ՝ 2008թ.-ի շարժումն իր վերջնական նպատակին չկարողացավ հասնել նաև այն պատճառով, որ պետական ապարատում առկա էր կոնսոլիդացիա, և բյուրոկրատիան կասեցրեց իշխանափոխության գործընթացը: Իշխանափոխություն չի հաջողվել անել նաև 1996 թվականին ուժային կառույցների միջամտության պատճառով: Հետաքրքիր է, որ իշխանափոխությունը Ուկրաինայում և Վրաստանում փողոցով հնարավորինս հեշտ է կազմակերպվել: Այդտեղ պետական ապարատն ավելի թույլ է: Ուկրաինայում նույնիսկ կանոնավոր բանակը մինչև վերջերս թույլ կազմակերպված էր, իսկ Վրաստանում մինչև 2000-ականները պետական ինստիտուտներն անգամ չէին կարողանում վերահսկել երկրի ամբողջ տարածքը:

Հայաստանի դեպքում պատկերն այլ է. պատերազմի ու այդ պատերազմում հաղթանակի արդյունքում ձևավորվել է ուժեղ բյուրոկրատիա, որը կարողացել է կասեցնել փողոցով իշխանափոխության գործընթացը։

Հայաստանում, 2008 թվականի ընտրությունները չհաշված, իշխանափոխություն եղել է մեկ անգամ՝ 1998 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականով, որի պատճառը, ըստ իս, եղել է բյուրոկրատիայի ներսում դասավորվածությունների փոփոխությունը: 1996 թվականին, երբ Վանո Սիրադեղյանը լքեց ներքին գործերի նախարարի պաշտոնը, ուժային կառույցների ներքին հավասարակշռությունը խախտվեց, ինչն էլ հանգեցրեց Տեր-Պետրոսյանին հրաժարականի պարտադրմանը:

Անկախության տարիներին իշխանության հիմնական մարտահրավերը գալիս էր փողոցային պայքարից: 2008թ.-ի ընտրություններից հետո ստեղծված ճգնաժամը իշխանությանն էական խնդիրների առջև կանգնեցրեց: Փողոցային մարտահրավերը հաղթահարելու համար Սարգսյանը որոշեց ուժեղացնել ոստիկանական ուժերը. 2008-2015 թթ. նա ՀՀ բյուջեն ավելացրել է 2.2 անգամ, միևնույն ժամանակ ոստիկանական բյուջեն՝ մոտ 5 անգամ։ Ի դեպ, նույն ժամանակահատվածում ռազմական բյուջեն ավելացրել է մոտ 2 անգամ։

2008թ.-ի ճգնաժամից հետո Սարգսյանը կարողացել է ճնշել փողոցային պայքարը, սակայն զուգահեռաբար իշխանության ներսում է սկսել ուժեղանալ ներքին պայքարը: Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի միջև պայքարը ներհամակարգային լուրջ խնդիրներ ստեղծեց: Այդ պայքարն էլ ավելի ուժեղացավ 2012թ.-ից հետո, երբ ԲՀԿ-ն դուրս եկավ կոալիցիայից, և ձևավորվեց «Եռյակ» պայքարի բևեռը: Թեպետ հետագայում Սերժ Սարգսյանն ուժի կիրառումով կարողացավ չեզոքացնել Գագիկ Ծառուկյանին, սակայն չկարողացավ լուծել գերակա խնդիրը, այն է՝ համակարգի կայունությունը:

Բացի ներքին ճնշումներից՝ Հայաստանի կառավարման համակարգը նաև ենթարկվում էր արտաքին ուժեղ ճնշումների հիմնականում Ադրբեջանի կողմից: Ադրբեջանը, 2011 թվականից կտրուկ ավելացնելով իր ռազմական բյուջեն, սկսում է ավելի հաճախ հարձակվել հայկական դիրքերի վրա: Այդ ճնշումը Սարգսյանը որպես իր իշխանությանն ուղղակի մարտահրավեր չէր դիտարկում, այդ պատճառով էլ ռազմական ոլորտի ծախսերը չէր ավելացնում ոստիկանական ծախսերի չափով: Սակայն ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ հայկական պետականությունն ավելի խոշոր ճգնաժամից խուսափել է անձնուրաց զինվորների ու հրամանատարների շնորհիվ:

Ներքին և արտաքին ճնշումներն այնքան են ուժեղացել, որ վերջին երկու տարիներին Հայաստանի կառավարման համակարգը մտել է լուրջ ճգնաժամերի փուլ: 2014թ.-ի օգոստոսից մինչև 2016թ.-ի օգոստոս Հայաստանը անցել է մի շարք ճգնաժամերի միջով: 2014թ. օգոստոսին Ադրբեջանը դիվերսիոն հարձակումներ է սկսում հայկական դիրքերի վրա, 2014թ. նոյեմբերին Ադրբեջանը խոցում է հայկական ուղղաթիռը, 2015թ. հունվարին Պերմյակովը Գյումրիում սպանում է Ավետիսյանների ընտանիքի անդամներին, 2015թ. հունվարին Արցախի ուժային կառույցները «Նախախորհրդարան»-ի անդամներին Բերձորում ծեծի են ենթարկում, 2015թ. փետրվարին Սերժ Սարգսյանը որոշում է չեզոքացնել Գագիկ Ծառուկյանին, 2015թ. հունիսին էլեկտրաէներգիայի դեմ Բաղրամյան փողոցում ցույցեր են սկսվում, 2015թ. դեկտեմբերին սահմանադրական հանրաքվեն կեղծվում է, ու համատարած բռնություններ են տեղի ունենում, 2016թ. ապրիլին Ադրբեջանը պատերազմ է սկսում, 2016 հուլիսին «Սասնա Ծռեր» խումբը վերցնում է ՊՊԾ գունդը: Այս ճգնաժամերը արտացոլում են համակարգային խորը խնդիրները:

2008թ.-ին ստեղծված խորը ճգնաժամի պատճառով Սերժ Սարգսյանը փորձել է լուծել փողոցային պայքարի խնդիրը՝ ուժեղացնելով ոստիկանությունը, բայց արդյունքում համակարգի ներսում է պայքար սկսվել, և Գագիկ Ծառուկյանի հետ բախում է տեղի ունեցել: Վերջինիս խնդիրը լուծելուց հետո փողոցային պայքարը շարունակվել է. վերջին չորս ամառվա ընթացքում Երևանում խոշոր ցույցեր են տեղի ունեցել. 2013 թվական՝ տրանսպորտի թանկացման դեմ պայքարը, 2014 թվական՝ կենսաթոշակային համակարգի դեմ ցույցերը, 2015 թվական` էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ցույցերը, 2016 թվական՝ «Սասնա Ծռեր»-ի գործողություններն ու Խորենացի, Սարի թաղ փողոցների ցույցերը:

Քաղաքագետ Միլան Սվոլիկը պնդում է, որ ավտորիտար երկրներում բռնապետները կարևոր երկու հարց պետք է կարողանան լուծեն: Առաջին խնդիրը բնակչության լայն զանգվածներին ճնշելով կայունություն ապահովելն է։ Երկրորդը՝ էլիտայի ներսում ուժերի հավասարակշռությունն ու բռնապետի կողմից նրանց ղեկավարումն է։

Փաստացի Սարգսյանն իր ղեկավարման փուլում ամբողջությամբ չի կարողացել լուծել այդ երկու խնդիրները: Սկզբից փողոցը մարտահրավեր է նետել Սարգսյանին, և երբ նա, ոստիկանությունը ուժեղացնելով, փորձել է լուծել փողոցի խնդիրը, Գագիկ Ծառուկյանը սկսել է պոկվել իշխանական բուրգից և ընդդիմադիր ուժերի հետ ստեղծել «Եռյակը»: Երբ Ծառուկյանի հետ բախումից հետո Սարգսյանը վերջինիս հեռացրել է քաղաքականությունից, փողոցային պայքարը շարունակվել է: Ավելին՝ «Սասնա Ծռերը» հարձակվել են Սարգսյանի հենասյուն հանդիսացող ոստիկանական գնդի վրա:

Սարգսյանն իր կառավարման ամբողջ փուլում հիմնականում փորձել է իր իշխանությունը պահելու խնդիրը լուծել, ինչն էլ հանգեցրել է բազմաթիվ ճգնաժամերի: Համակարգը լուրջ բարեփոխումների կարիք է ունեցել, սակայն խնդիրների լուծումը միշտ հետաձգվել է, քանի որ առաջին հերթին լուծվել է իշխանությունը պահելու խնդիրը: Արդյունքում համակարգը չի բարեփոխվել, անվտանգության բաղադրիչը արդյունավետ չի աշխատել, և չի հաջողվել կանխել ապրիլյան պատերազմը կամ «Սասնա Ծռերի» գործողությունները:

Շարունակական ճգնաժամերը համակարգային խնդիրներ են: Համակարգը չի աշխատում ընդհանուր բարեկեցություն ստեղծելու ու անվտանգությունը բարձրացնելու համար: Այն հիմնականում ուղղված է քաղաքական ճնշումների իրականացմանն ու Սարգսյանի իշխանության պահպանմանը, որի պատճառով էլ հանրությանը հուզող օրակարգային հարցերը հիմնականում լուծում չեն ստանում: Իսկ քանի որ լուծում չեն ստանում, պետությունը հայտնվում է շարունակական ճգնաժամերի մեջ:

Այս պահին Սարգսյանը լուծել է իշխանության ներսում առկա հիմնական խնդիրները. համակարգի ներսում չկա որևէ մեկը կամ որևէ խումբ, որը կարող է մարտահրավեր նետել նրան, մինչդեռ փողոցի հարցը Սարգսյանի համար շատ դժվար է լուծել: Նրա ցածր վարկանիշը և հանրության մոտ իշխանության հանդեպ եղած վստահության ցածր մակարդակը թույլ չեն տալիս լուծել փողոցային պայքարի հարցը:

Ապրիլյան պատերազմից և «Սասնա Ծռերի» գործողություններից հետո Սարգսյանը համակարգային էական փոփոխությունների չի գնացել: Փոփոխություններն իրականում ենթադրում են Սարգսյանի հեռանալը, սակայն նրա քայլերն այս պահին ցույց են տալիս, որ մնալու պլաններ ունի, իսկ այդ դեպքում նա փորձելու է ստատուս քվոն պահել: Իսկ ստատուս քվոն նոր ճգնաժամերի է հանգեցնելու, որոնցից ցանկացածը կարող է դառնալ անկառավարելի և հարցականի տակ դնել պետության գոյությունը:

Մեկնաբանել