ԼՂՀ նախագահը հավանություն է տվել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին

Bako SahakyanԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 15-ին հանդիպում է ունեցել ԼՂՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամների հետ, որի ընթացքում հավանություն է տվել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին և հանձնարարել հանձնաժողովին մշակել ու սահմանված ժամկետում ներկայացնել սահմանադրական բարեփոխումների նախագիծը:

Ինչպես հաղորդում է ԼՂՀ նախագահի պաշտոնական կայքը, Բակո Սահակյանը շեշտել է, որ սահմանադրական բարեփոխումներն «ուղղված են մարդու իրավունքների և ազատությունների ընդլայնմանն ու ամրապնդմանը, դատական իշխանության և տեղական ինքնակառավարման համակարգերի կատարելագործմանը, անմիջական ժողովրդավարության ինստիտուտի հետևողական զարգացմանը»:

Սահակյանը նշել է, որ կազմավորումից ի վեր հանձնաժողովը կատարել է ծավալուն աշխատանք ու բազմակողմանի ուսումնասիրություններ, կազմակերպել է հանրային քննարկումներ, հաշվի է առնվել սահմանադրական բարեփոխումների իրականացման ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ տարբեր զարգացած երկրների փորձը, և արդյունքում ներկայացվել է առաջարկ, որի հիմքում ընկած է նախագահական կառավարման համակարգը:

«Հաշվի առնելով հանձնաժողովի տեսակետը, քաղաքական ուժերի մեծամասնության դիրքորոշումը, մեր տեղեկացված լինելը բնակչության մեծամասնության կարծիքին, որն արտահայտվել է նաև վերջերս անցկացված սոցիալական հարցումների արդյունքում՝ ես ընդունում եմ առաջարկվող տարբերակը ու հավանություն եմ տալիս սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին և հանձնարարում եմ հանձնաժողովին մշակել ու սահմանված ժամկետում ներկայացնել սահմանադրական բարեփոխումների նախագիծը»,- ընդգծել է ԼՂՀ ղեկավարը:

Մեկնաբանել