Սեյրան Օհանյանն ու Սերգեյ Շոյգուն հանդիպել են

11707Օգոստոսի 16-ին Երևանում կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հանդիպումը։

Ինչպես հաղորդում են ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, հանդիպմանը քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության ապահովման, ինչպես նաև երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հարցեր:

«Նախարարներն արձանագրել են երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունների փոխգործակցության բարձր մակարդակը և նախանշել են համագործակցության հետագա ուղիները»,- ասված է ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ:

Քննարկվել են նաև Սիրիայում ՌԴ զինված ուժերի կողմից իրականացվող լայնածավալ մարդասիրական գործողությունները: Սեյրան Օհանյանն աջակցությունն է հայտնել Ռուսաստանի կողմից Սիրիայի բնակչությանը ցուցաբերվող մարդասիրական օգնության ջանքերին:

Հանդիպման արդյունքներով երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները ստորագրել են «ՀՀ զինված ուժերի և ՌԴ զինված ուժերի միացյալ զորքերի (ուժերի) խմբավորման շահերից բխող ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության ոլորտում իրավիճակի բացահայտման և գնահատման փոխգործակցության մասին» համաձայնագիրը:

Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ հանդիպման սկզբում Սերգեյ Շոյգուն պատրաստակամություն է հայտնել քննարկելու նաև լրացուցիչ միջոցառումներ՝ ուղղված ՌԴ պաշտպանության նախարարության բուհերում անհատույց ուսուցում անցնող հայ զինծառայողների թվի մեծացմանը։

ՌԴ ՊՆ հաղորդմամբ՝ Սեյրան Օհանյանը նշել է, որ երկկողմ և բազմակողմ ձևաչափերում իրականացվում են նախանշված բոլոր ծրագրերը։ «Մենք լավ հարաբերություններ ունենք Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի հետ, ծրագրում ենք և փաստացի իրականացնում ենք համատեղ բոլոր միջոցառումները։ Դինամիկ զարգանում են մեր փոխհարաբերությունները ՀԱՊԿ շրջանակում»,- ասել է Օհանյանը։

Սերգեյ Շոյգուն Հայաստան է ժամանել նախօրեին՝ մասնակցելու Երևանում այսօր կայանալիք ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին։

Երեկ Շոյգուն աշխատանքային այցով եղել էր Բաքվում, որտեղ հանդիպում էր ունեցել ադրբեջանցի իր պաշտոնակից Զաքիր Հասանովի հետ։ Ռուսական «Ռոսիա 24» հեռուստաալիքի հաղորդմամբ՝ նախարարների քննարկման հիմնական թեման եղել է ռազմատեխնիկական ոլորտում երկու երկրների միջև համագործակցությունը, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիները։

Մեկնաբանել