Իրանը մեկնաբանել է իր ավիաբազայից ՌԴ ինքնաթիռների թռիչքները

ՌԴ օդուժը Համադանի ավիաբազայում: Լուսանկարը՝ AlMasdar News-ի ՌԴ օդուժը Համադանի ավիաբազայում:
Լուսանկարը՝ AlMasdar News-ի

Իրանը մեկնաբանել է ռազմաբազայի կարգավիճակը, որտեղ տեղակայվել են ՌԴ ռազմատիեզերական ուժերը:

Այսպես՝ Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին, Tasnim գործակալության փոխանցմամբ, երեկ հայտարարել է, որ ոչ Ռուսաստանը, ոչ այլ երկրներ Իրանում չունեն մշտական ռազմաբազաներ: Իսկ Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Ալաեդդին Բորուջերդին, մեկնաբանելով տեղեկությունները, Press TV-ի փոխանցմամբ՝ ասել է, որ ռուսական օդուժը իրանական ռազմաբազան օգտագործում է «միայն վերալիցքավորվելու համար»: Նա տեղեկացրել է, որ ռուսաստանյան ինքնաթիռների սպասարկումն իրագործվում է միայն Իրանի ազգային անվտանգության Բարձրագույն խորհրդի թույլտվությամբ:

Օրերս ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ ՌԴ Տու-22Մ3 ռմբակոծիչները, թռիչքներ կատարելով Իրանի «Շահիդ Նոժե» ավիաբազայից [տեղակայված է Համադան քաղաքից մոտ 50 կմ հեռավորության վրա], ավիահարվածներ են հասցրել Սիրիայում «Իսլամական պետություն» և «Ջաբհաթ ալ-Նուսրա» խմբավորումների թիրախներին:

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի խոսքով՝ ռուսական օդուժի կողմից իրանական ավիաբազայի կիրառումը չի խախտում ՄԱԿ-ի ԱԽ 2231 բանաձևը, որով արգելվում է Իրանին ռազմական ինքնաթիռներ մատակարարել առանց ԱԽ թույլտվության:

«Տվյալ դեպքում խոսքը չի գնում ոչ մատակարարման, ոչ վաճառքի, ոչ Իրանին ռազմական ինքնաթիռների փոխանցման մասին: Այդ օդանավերը Իրանի համաձայնությամբ օգտագործվում են ռազմատիեզերական ուժերի կողմից Սիրիայում հակաահաբեկչական օպերացիային մասնակցելու նպատակով»,- ասել է Լավրովը:

Մեկնաբանել