Պավել Մանուկյանի խափանման միջոցը փոխելու հարցով որոշումը կհրապարակվի վաղը

Pavel ManukyanՎերաքննիչ դատարանը «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանի խափանման միջոց կալանքը փոխելու հարցով իր որոշումը կհրապարակի օգոստոսի 19-ին՝ ժամը 10։30-ին։ Ինչպես հաղորդում է ՍիվիլՆեթի թղթակիցը, այս մասին դռնփակ դատական նիստի ավարտից հետո լրագրողներին տեղեկացրեց Մանուկյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը։

«Տեղի ունեցավ վերաքննիչ բողոքի քննությունը, պաշտպանական կողմը ներկայացրեց իր բողոքները, ելույթ ունեցավ Պավել Մանուկյանը, դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ։ Վաղը ժամը 10:30 կհրապարակի իր որոշումը»,- ասաց նա:

Մյուս պաշտպանը՝ Հարություն Բաղդասարյանը, տեղեկացրեց, որ իր ելույթում Պավել Մանուկյանն ասել է, որ «ինքը «Սասնա ծռերի» Թուր Կեծակին է, և այդ Թուր Կեծակին երբեք էլ պատյան չի մտնելու, բարձրացրել ենք, մենք պետք է կարողանանք հասնել հաղթանակի»։

Ինեսսա Պետրոսյանը նաև նշեց, որ վաղը «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում նախատեսվում է Պավել Մանուկյանի վիրահատությունը։

«Սասնա ծռերի» անդամ Պավել Մանուկյանը մեղադրվում է շենք-շինություններ զավթելու և ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ։

Մեկնաբանել