Մեր գործն է քո մասին մտածելը, Գոռ

gor minasyanԴիոգենեսն ապրում էր տակառում եւ բնավ վատ չէր զգում դրանից: Գոռ Մինասյանը նույնպես ապրում է «տակառում»: Դա իր իրավունքն է: Համացանցում թեմա է դարձել խաբեությամբ նրա տուն մտնելու եւ «տակառի» պայմանները հրապարակայնացնելու հարցը: Գոռի մայրն ասում է, որ իրեն խաբել են: Գոռն ասում է, որ որեւէ բարերարի կարիքը չունի: Չենք քննարկի խաբե՞լ են, թե՝ ոչ, ունի՞ Գոռը բարերարի կարիք, թե՝ չունի:

Գուցե ինքն է ընտրել նման կենցաղը: Գուցե իր համար դա խայտառակություն չէ: Իր մոր համար՝ նույնպես: Սակայն Գոռը ճիշտ չէ, երբ պահանջում է իր տան լուսանկարները հեռացնել համացանցից: Նախ դա այլեւս հնարավոր չէ: Երկրորդ, այդպիսով նա օրինակ է ծառայում նրանց, ովքեր պետությունն ընկալում են ավելի արժանապատիվ կյանքի մոդել, ովքեր ջանում են այդ ուղղությամբ ու ոչ մի բանի չեն հասնում: Ծանրորդ փիլիսոփա լինելն արդեն իսկ նվաճում է, բայց դա նվաճում է, երբ ոչ ոք իր հարստությամբ քո աղքատության հետեւից չի հասնի: Սակայն երբ պահանջում ես լուսանկարները հեռացնել համացանցից, հետեւիր նաեւ, թե ով ինչպես է ծառայեցնում քո խնդրանքը, չէ՞ որ քո «տակառն» արդեն թեմա է, իշխանության համար նման կոչը «մանկության» երազանք է, ինքը բոլոր աղքատների եւ անհույսների աչքը կարող է մտցնել այդպիսի կոչը, իբր՝ Գոռից, օլիմպիական փոխչեմպիոնից օրինակ վերցրեք: Ինքն արդեն այսօր հենց դա է անում: Իշխանության լրատվական կայքերը հենց դրանով են զբաղված: Իշխանությունն այդպիսի կոչերի մեջ տեսնում է սոցիալական խնդիր ների վրա թքած ունենալու խրախուսանքը: Ես չեմ բացառում, որ այդպիսի տան մեջ Գոռը բանան է ուտում, բայց իր կոչերն իմաստ կունենան, եթե ինքը մինչեւ կյանքի վերջն ապրի հենց այդ տան մեջ, նույնիսկ փոքր ինչ վերանորոգելու փորձ չանի: Քանզի այն պահից, երբ կվերանորոգի, բոլոր նրանք, ովքեր «խաբեությամբ» մտել են իր տուն եւ տեսանկարահանել այդ խայտառակությունը, կհաղթեն ծանրորդին: Եվ ոչ մի օլիմպիական նվաճում նրան ավելի արդար չի դարձնի:

Ի՞նչ է նշանակում «ես ապրում եմ այնտեղ, որտեղ ինձ դուր է գալիս» եւ «վաղն ամեն ինչ ինքս եմ անելու իմ ընտանիքի համար»: Եթե սպորտը քաղաքացիության ձեւ չէ, ի՞նչ կարիք կա ներկայացնել Հայաստանը: Հայաստանը միայն սպորտը չէ, այլեւ՝ աղքատությունը: Քո տունը իշխանության դղյակների «դեմքն» է, դու քափ ու քրտինք մտած աշխատում ես ու գիշերում այդպիսի տանը, իսկ նրանք ոչինչ չանելով են ապրում դղյակներում: Պնդում եմ, ոչ մի վատ բան չկա այդպիսի տանն ապրելու մեջ, նույնիսկ ավելի լավն ունենալու ձգտման մեջ որեւէ վատ բան չկա: Հայտարարել, որ «իմ տունը ոչ մեկի գործը չէ» նույնպես կարելի է: Բայց դա միայն այն դեպքում, եթե քո տունը մեր աչքն են խոթում միլիոնավոր միլիոնատերեր հենց քո վրա ծիծաղելու համար: Իսկ մենք չենք ծիծաղում, մենք վաղուց դրա տրամադրությունը չունենք: Մենք նայում ենք չեմպիոն դառնալու քո ջանքերի կողմը, տեսնում ենք որոշ հաջողություններ եւ փորձում հասկանալ՝ իսկ պետությունն ինչո՞վ կարող է օգտակար լինել Ռիոյում մեր դրոշի ներկայացուցչին: Մեր գործն է քո մասին մտածելը, Գոռ, այլապես իշխանություն չէինք պահի: Մենք գիտենք պետություն հաշմողներին, մենք քեզ որպես մեր փաստարկների արդարացում չենք դիտարկում, դու միակ աղքատն ու անտունը չես: Ոչ ոք քեզ զոռով չի հարստացնելու, եթե դու դա չես ուզում: Այո, դու չես ասում, որ հարստությունը խանգարում է, դու պարզապես անում ես քո գործը աղքատության մեջ: Այս ամենն արդեն նվաճում է: Իսկ տեսե՞լ ես Գյումրիի ծանրորդների դպրոցի լուսանկարները: Թե՞ «միայն հացիվը» մեզ դարձնում է պետություն:

Լուսանկարներ հրապարակողներն իրենց իրավացիությունը չեն բղավում, թե՝ տեսեք, թե ինչպես է ապրում Գոռը: Ավելին, չեն ասում, թե սա անմարդկային է: Երբ նման լուսանկարներ են հրապարակվում, թիրախը դու չես: Նույնիսկ եթե դու մի քանի այլ քաղաքներում ու երկրներում տուն ունես, էդ լուսանկարները պետք է հրապարակվեն: Որովհետեւ նույնիսկ աղքատությունը, հատկապես խնամքով ընտրված, ինքն իրեն հաշվետու աղքատությունը կոկիկ է լինում: Քո տունն այդ կոկիկությունը չունի, դա վերջին հույսի ապաստարան է, որը բաց երկնքի տակ ապրելու հակառակն է: Գրեթե բաց երկնքի տակ գոյատեւող աղքատություն ներխուժել հնարավոր չէ, այն արդեն իսկ հրավերք է տեսնելու բոլորի շուրթերին գտնվող անվան, ինչպիսին քոնն է, կյանքի պայմանները: Որովհետեւ մեր կարեկցանքը կարող է լինել ընտրովի, մենք կարող ենք սխալվել այդ կարեկցանքի մեջ, բայց, սիրելի Գոռ, չի կարող Գյումրիի ծանրամարտի խղճուկ եւ ավերակ դպրոցն ու քո տունը բոլորովին տարբեր իրականությունների արդյունք լինել, դուք պատմում եք միմյանց մասին, ձեր նվաճումներն անգամ միմյանց մասին պատմություններ են: Այնպես որ մի ասա, որ դրանք անօրինական լուսանկարներ են նույնիսկ եթե ոչ ոք քեզ չի հարցրել:

Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկան գիտեր ինչպես ցուցադրել իր աղքատությունը, որպեսզի չվիրավորի նրանց, ովքեր կարող են ծիծաղել իր վրա: Չէ՞ որ ծիծաղելով ուրիշի աղքատության վրա, մենք, իրականում մեզ ենք վիրավորում: Ինքը նախագահ է, Գոռ, ինքը չի վիրավորվում: Ավելին, ընտրել է աղքատությունը թեպետ ավելի խնամքով, քան՝ դու: Գոնե ներողամիտ լինել կարող ես, եթե խաբել են քո մորը: Բայց քո աղքատության անունից մյուս բոլորը ճչում են իրենց անհուսությունը, դու ուզում ես ասել, որ աղքատությունը քո գո՞րծն է: Կրկնում եմ, համաձայն եմ: Ավելին, միայն քո կողմից եմ: Բայց սկզբից ինձ ցույց տուր էն պետությունը, որտեղ աղքատությունն անգամ արժանապատվության մի ձեւ է: Նրանք, ովքեր նկարահանել են, փորձել են ցույց տալ, որ աղքատության արժանապատվությունը որբ է:

Մհեր Արշակյան

Մեկնաբանել