Պերմյակովի պաշտպանը ներկայացրել է պաշտպանական ճառը

Screen-Shot-2015-08-12-at-7.36.50-PMԳյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով օգոստոսի 19-ին կայացած դատական նիստին հնչել է հանրային պաշտպան Էդուարդ Աղաջանյանի պաշտպանական ճառը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես» գործակալությունը, ըստ էության պաշտպանն իր խոսքում չառարկեց նախորդ՝ օգոստոսի 12-ին կայացած նիստին պետական մեղադրող Գևորգ Գևորգյանի հնչեցրած մեղադրանքներից 2-ին, որոնք իրենց մեջ ներառում էին Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ և 8-րդ կետերով (երկու կամ ավելի անձանց սպանությունը` առանձին դաժանությամբ, շահադիտական դրդումներով, պատվերով, ինչպես նաև զուգորդված՝ շորթմամբ, ավազակությամբ կամ բանդիտիզմով), 175 հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով (ավազակային հարձակում, որը կատարվել է բնակարան, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով, զենքի ամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ) հոդվածներով սահմանված հանցանշաները՝ փաստելով, որ իր պաշտպանյալը և՛ քրեական գործի, և՛ դատական գործընթացի ժամանակ չի հերքել հանցագործություն կատարելու մասին փաստը, սակայն Էդուարդ Աղաջանյանը բավական երկար ճառ է ներկայացրել պետմեղադրողի կողմից ներկայացրած 34-329 հոդվածի առաջին մասով (պետական սահմանի ապօրինի հատման փորձ) մեղադրանքի դեմ՝ բերելով մի շարք ապացույցներ, որ քրեական գործով դա չի ապացուցվել և չի հիմնավորվել:

Օգտվելով իր իրավունքից` պաշտպանը որպես մեղմացուցիչ հանգամանք է նշել Պերմյակովի 20 տարեկան լինելու, ժամկետային ծառայության մեջ գտնվելու, նախկինում դատապարտված չլինելու հանգամանքները, ինչպես նաև այն փաստը, որ չնայած Պերմյակովը չի տառապում հոգեկան որևէ հիվանդությամբ, սակայն ինֆանտիլ անձ է:

Պերմյակովի գործով դատավճիռը կհրապարակվի օգոստոսի 23-ին` ժամը 12:00-ին:

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության գործով օգոստոսի 12-ի դատական նիստին դատախազ Գևորգ Գևորգյանը մեղադրյալ Վալերի Պերմյակովի համար պահանջել էր ցմահ ազատազրկում։

Պերմյակովի փաստաբան Էդուարդ Աղաջանյանը միջնորդություն էր ներկայացրել դատական նիստը մեկ շաբաթով հետաձգելու վերաբերյալ՝ պաշտպանական ճառին պատրաստվելու նպատակով։ Դատարանը բավարարել էր միջնորդությունը։

***

2015թ․ հունվարի 12-ին Գյումրիում սպանդի ենթարկվեց Ավետիսյանների յոթհոգանոց ընտանիքը։ Ոճրագործության համար մեղադրվում է Գյումրիի ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը, որը, ըստ պաշտոնական վարկածի, ձերբակալվել է ռուս սահմանապահների կողմից՝ հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս։

2015թ․ հուլիսին ռուսական կողմը համաձայնեց Պերմյակովի գործը` սապնության մասով, հանձնել ՀՀ քննչական կոմիտեի վարույթ: Հայաստանում 5-րդ կայազորային զինվորական դատարանը անցյալ տարվա օգոստոսի 12-ին վճռեց Պերմյակովին դատապարտել խիստ ռեժիմով 10 տարվա ազատազրկման` զենքով դասալքության, զենք, զինամթերք հափշտակելու և ապօրինի կրելու մասով:

Պերմյակովը մեղադրվում է նաև բնակարան ապօրինի մուտք գործելով և զենքի գործադրմամբ ավազակային հարձակման և ՀՀ պետական սահմանը ապօրինի հատելու փորձի մեջ: Նա իրեն մեղավոր է ճանաչել ներկայացված բոլոր մեղադրանքներում։

Սպանության գործով դատավարությունը մեկնարկել է 2015թ․ դեկտեմբերի 18-ին։

Մեկնաբանել