Խաղաղություն պարտադրել է պետք, ոչ թե մուրալ

Տեսարան Գոլանի բարձունքներից։ Տեսարան Գոլանի բարձունքներից։

Հողեր զիջելու կամ փոխզիջելու թեման արդիական է դարձել վերջին մի քանի ամսիներին: Հավանաբար շատերը Ապրիլան պատերազմից հետո մտածում են, թե խաղաղության հասնելու միակ ճանապարհը հողեր հանձնելու միջոցով Ադրբեջանի հետ լեզու գտնելն է: Ասել է թե՝ խաղաղության վարձը մեր վերահսկողության տակ գտնվող մի քանի շրջաններն են: Պարտվողական այս մոտեցմամբ փորձ է արվում խաղաղություն մուրալ Ադրբեջանից և միջնորդ երկրներից: Կամ Ադրբեջանն ու միջնորդները՝ Ռուսաստանի գլխավորությամբ, նվաստացնող պահանջներ են պարտադրում խաղաղության դիմաց:

Տարածաշրջանում գոյատևելու՝ նամանավանդ վերջին հարյուրամյակների փորձից պետք է որ հասկացած լինեինք, որ հայկական պետության ու հայերի առաջնային ու հավատարիմ դաշնակիցը կարող է լինել միայն հայկական բանակը: Հարևաններից ոչ թե խաղաղություն պետք է մուրալ, այլ պարտադրել: Մեր հիմնական դաշնակցին՝ բանակին պահելու ու խաղաղություն պարտադրելու համար անհրաժեշտ է ռազմական ու տնտեսական հզորություն:

Անգամ «մի թիզ» հանձնելով և ակնկալելով Ադրբեջանի բարի կամքը ոչ թե փոքրացնում, այլ մեծացնում ենք պատերազմի հավանականությունը: Պատերազմից հետո հաղթող պետությունն է թելադրում իր պայմանները, ոչ թե ենթարկվում պարտվող կողմի թելադրանքներին: Սրանք պարզ իրողություներ են, որոնք, որքան էլ տարօրինակ է, հասու չեն հայաստանյան ու արցախյան իշխանական էլիտաների գիտակցությանը: Պատճառը հավանաբար այն է, որ 1994-ից հետո Հայաստանի դիրքերն այնքան են թուլացել, որ բանակցային սեղանի շուրջ այն հաղթող երկրից վերածվել է պարտվող երկրի:

Շատերը Ադրբեջաից խաղաղություն մուրալը հիմնավորում են քաղաքակիրթ պահվածք ունենալու ու միջազգային հանրության հետ օրենքի լեզվով հարաբերվելու անհրաժեշտությամբ: Միջազգային իրավունքի ջատագովներին տեղեկացնենք, որ ուժի դեպքում միջազգային հանրություն կոչվածը դատապարտող հայտարարություններին ու բանաձևերին զուգահեռ հարմարվում ու ընդունում է փաստացի իրավիճակը, որը հակասում է միջազգային մի շարք օրենքների ու սկզբունքների: Ասել է թե՝ ուժն է ծնում իրավունքը:

***

1967թ․արաբա-իսրայելական Վեցօրյա պատերազմի ընթացքում Իսրայելը գրավեց Սիրիային պատկանող Գոլանի բարձունքները: ՄԱԿ-ը 1967թ․հունիսի 22-ին ընդունեց 242-րդ բանաձևը, որում ասվում էր՝ Իսրայելը պետք է դուրս գա գրավված տարածքներից, ինչը հնարավորություն կտա տարածաշրջանում խաղաղություն հաստատել։ Բանաձևի պահանջները մինչ օրս չեն կատարվել։

1973թ. արաբա-իսրայելական պատերազմում Սիրիան փորձեց վերադարձնել Գոլանի բարձունքները, սակայն ապարդյուն։ 1974թ. Իսրայելը և Սիրիան շփման գծում ապառազմականացված տարածք ստեղծելու պայմանագիր կնքեցին, իսկ 1981թ. Իսրայելն այդ տարածքը ներառեց իր կազմում, սակայն միջազգային հանրությունը հրաժարվեց ճանաչել Իսրայելի այդ քայլը։ Իսրայելը, ուշադրություն չդարձնելով միջազգային տարատեսակ կազմակերպությունների, մեծ ու փոքր երկրների կոչերին ու բանաձևերին, պահում է իր համար ռազմավարական նշանակություն ունեցող Գոլանի բարձունքները: Տարբեր գնահատականներով, Իսրայելում օգտագործվող ջրի մեկ երրորդը ապահովում են Գոլանի ջրային աղբյուրները:

Իսրայելը, համարելով, որ Գոլանն իր վերահսկողության տակ պահելով, լուծում է իր ջրային անվտանգության խնդիրը, ուստի որևէ միջազգային իրավունք կամ բանաձև չի կարող ստիպել նրան վերադարձնել այդ հողերը:

Եթե Հայաստանն ու Արցախը համարում են, որ Ադրբեջանական ԽՍՀ-ից ազատագրված շրջանները ռազմական անվտանգության խնդիր են լուծում Հայաստանի ու Արցախի համար, ապա անգամ մեկ շրջանի վերադարձը հարված է Հայաստանի և Արցախի անվտանգության շղթային: Որևէ երկիր, որևէ միջազգային կառույց չպետք է կարողանա ստիպել Հայաստանին թուլացնելու սեփական անվտանգությունը: Իսկ դրա համար, ինչպես նշվեց, անհրաժեշտ է տնտեսական ու ռազմական առաջխաղացում: Երկրում տնտեսական իրավիճակի վատթարացումը ուղղակի հարվածում է Հայաստանի ու Արցախի անվտանգությանը:

Մեկնաբանել