Պերմյակովը կարող է հանձնվել Ռուսաստանին. «Ինտերֆաքս»

GyumriԱյսօր Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը կարող է հանձնվել Ռուսաստանին՝ ՌԴ դատարանի համապատասխան որոշման և ՌԴ արդարադատության նախարարության միջնորդությունից հետո. այս մասին գրում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ հղում անելով իրավաբանական շրջանակներում իր աղբյուրներին:

«Դատավճռի՝ ուժի մեջ մտնելուց հետո Պերմյակովը կարող է դիմել ռուսաստանյան դատարան՝ հայցելով ուսումնասիրել ՌԴ տարածքում պատիժը կրելու հարցը: Դատարանը հաստատում է դատավճիռն ու նյութերն ուղարկում ՌԴ արդարադատության նախարարություն՝ դրա կատարման համար»,- պարզաբանել է Interfax-ի զրուցակիցը՝ հավելելով, որ նման սցենարի համար գոյություն ունի համապատասխան իրավական բազա, որը հիմնված է միջազգային համաձայնագրերի վրա:

Այսօր՝ ավելի վաղ, Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովը դատապարտվեց ցմահ ազատազրկման։ Պատիժը կրելու սկիզբ է հաշվվում 2015թ․ հունվարի 13-ը։

«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ ՀՀ և ՌԴ իշխանությունները քննարկում են Պերմյակովին ՀՀ քաղաքացի, 2013թ. հուլիսի 13-ի ՌԴ-ում դժբախտ պատահարի համար դատապարտված ավտոբուսի վարորդ Հրաչյա Հարությունյանի հետ «փոխանակելու» տարբերակը։

Մեկնաբանել