Անդրիաս Ղուկասյանը կմնա կալանքի տակ

hqdefault«Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության խորհրդի նախագահ Անդրիաս Ղուկասյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Վերաքննիչ դատարանը օգոստոսի 24-ին մերժեց երկու բողոքները, որոնցից մեկով վիճարկվում էր Անդրիաս Ղուկասյանի ձերբակալման օրինականությունը, մյուսով՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու առաջին ատյանի դատարանի որոշումը։

Անդրիաս Ղուկասյանի պաշտպան Լուսինե Սահակյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ակնհայտ է՝ իր պաշտպանյալի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում։

«Դատարանը հատուկ հարց ուղղեց Անդրիաս Ղուկասյանին, որ եթե նա ազատ արձակվի, արդյոք շարունակելու է իր ընդդիմադիր գործունեությունը։ Անդրիաս Ղուկասյանը, իհարկե, պատասխանեց, որ որևէ փոփոխություն իր գործունեության մեջ և ընդդիմադիր կեցվածքում չի լինելու։ Դատավորը նույնիսկ չհասկացավ, որ ինքը գոնե պետք է քողարկված որոշում կայացներ և այդքան ակնհայտ ցույց չտար, որ քաղաքական հետապնդում է իրականացվում Անդրիաս Ղուկասյանի նկատմամբ»,- ասաց Լուսինե Սահակյանը։

Անդրիաս Ղուկասյանը ձերբակալվել է հուլիսի 29-ին։ Նա մեղադրվում է զանգվածային անկարգությունների կազմակերպման մեջ:

Արդեն 24-րդ օրն է՝ Անդրիաս Ղուկասյանը հացադուլ է անում։

Մեկնաբանել