Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը օգոստոսի 24-ին հրավիրել է աշխատանքային խորհրհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է նախագահ Բակո Սահակյանի առաջարկը՝ ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին:
Ինչպես հաղորդում են ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունից, Սահմանադրության և Ազգային ժողովի Կանոնակարգի համաձայն՝ նշված առաջարկությունը խորհրդարան է ներկայացվում ԱԺ համապատասխան որոշման նախագծի տեսքով, որը պետք է հավանության արժանանա լիագումար նիստում:
«Նախօրեին ներկայացված որոշման նախագիծը պատգամավորները քննարկել են ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում և անհրաժեշտ պարզաբանումներ ստացել ԼՂՀ նախագահի ներկայացուցիչ Արայիկ Լազարյանից»,- ասված է հաղորդագրության մեջ:
Աշոտ Ղուլյանը հայտարարել է, որ օգոստոսի 25-ին՝ ժամը 11:00-ին, հրավիրվում է արտահերթ նստաշրջան՝ ԼՂՀ նախագահի առաջարկած օրակարգով: