Թուրքիան Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություն է սկսել

JarablusԹուրքիան օգոստոսի 24-ին ռազմական օպերացիա է սկսել Սիրիայի հյուսիսում՝ «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորման դեմ գործողության շրջանակում խոցելով ավելի քան վեց տասնյակ թիրախ: Գործողություններն իրականացվել են ինչպես ցամաքային ուժերի, այնպես էլ օդուժի ներգրավմամբ:

Ինչպես հաղորդում է Anadolu գործակալությունը, վկայակոչելով իր անանուն ռազմական աղբյուրները, օպերացիայի նպատակն է «մաքրել Թուրքիայի սահմանամերձ տարածքը ահաբեկիչներից և սատարել Սիրիայի տարածքային ամբողջականությանը»:

Ըստ Anadolu-ի տեղեկությունների՝ F-16 ռազմական ինքնաթիռները հարվածներ են հասցրել Ջարաբլուսում, Հալեպում և Քաքլիջահ գյուղում:

«ԴԱԵՇ-ի [ԻՊ] դեմ պայքարող Թուրքիայի զինված ուժերի գործողությունները նշանակալի ներդրում են ունեցել ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ջանքերին», – հաղորդում է թուրքական գործակալությունը:

Միջազգային լրատվամիջոցները փոխանցում են, որ օգոստոսի 22-ին թուրքական հրետանին առանձին հարվածներ է հասցրել նաև Սիրիայի քրդական զինուժի՝ «Ժողովրդական պաշտպանության ուժերի» (YPG) դիրքերին Մանբիջ քաղաքից դեպի հյուսիս: Թուրք անանուն պաշտոնյաներից մեկը Reuters-ին ասել է, որ YPG-ի դիրքերին հասցվել է քսան հարված: Քրդական զինուժը Մանբիջն ԻՊ-ից ազատագրել էր օգոստոսին:

Մարդու իրավունքների սիրիական դիտորդական խմբի ղեկավար Ռամի Աբդուլ Ռահմանը AFP գործակալության հետ զրույցում համոզմունք է հայտնել, որ Թուրքիայի իրական նպատակը Սիրիայում քրդական զինուժի առաջխաղացման կանխումն է:

«Սիրիայում Թուրքիայի հրետակոծությունը միտված է քրդական զինուժի՝ Մանբիջից դեպի Ջարաբլուս առաջխաղացման կանխմանը»,- ասել է Ռահմանը:

Քրդական Rudaw կայքը գրում է, որ Ջարաբլուսի ու դրա արվարձանների ռազմական խորհուրդը երկուշաբթի օրը հայտարարություն էր տարածել, որում Թուրքիայի գործողությունները որակել էր «թշնամական»: Հայտարարության հեղինակները նախազգուշացնում էին «Թուրքիայի հրամանով» գործող կողմերին Ջարաբլուսի դեմ գործողությունները դադարեցնելու մասին:

«Մենք հաստատում ենք, որ պարզապես չենք նայելու այդ թշնամական գործողություններին, այլ պաշտպանելու ենք մեր ժողովրդին և տարածքը ազգային սկզբունքների համաձայն»,- ասված էր խորհրդի հայտարարության մեջ: Ռազմական խորհուրդը կոչ էր արել ԱՄՆ-ին և միջազգային կոալիցիային պաշտպանել Ջարաբլուսի տարածքը թուրքական բանակից:

***

Սիրիայում քաղաքացիական պատերազմի բռնկումից հետո՝ 2012թ. հուլիսի 20-ին, Սիրիայի ընդդիմությունը գրավել էր Ջարաբլուսը: 2013թ. հուլիսից քաղաքը ԻՊ-ի վերահսկողության տակ էր: Ըստ հաղորդագրությունների՝ 2015թ. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կանխել էր YPG-ի՝ Ջարաբլուսն ազատագրելու ջանքերը՝ սպառնալով հարվածել քրդական զինուժին, եթե այն հարձակվի Ջարաբլուսի վրա:

Անկարան Սիրիայի քրդական «Դեմոկրատական միություն» կուսակցությունը (PYD) և դրա ռազմական թևը՝ YPG-ն, դիտարկում է որպես Քրդստանի աշխատավորական կուսակցության` PKK-ի ճյուղեր՝ թույլ չտալով դրանց առաջխաղացումը իր սահմանամերձ շրջաններում: Վաշինգտոնն, ընդհակառակը, PYD-ն համարում է ԻՊ-ի դեմ պայքարող հուսալի և արդյունավետ ուժ: Օգոստոսի 24-ին նախատեսվում է ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի այցը Անկարա, որտեղ թուրքական ղեկավարության հետ քննարկվելու է Սիրիայում միասնական ռազմավարությունը:

Մեկնաբանել