ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Սասնա ծռերի» վիրավոր անդամներին

TH_OmbudsmanՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության իրավաբանը և բժիշկը օգոստոսի 23-ին հատուկ նպատակով այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ՝ տեսակցելու կալանքի տակ գտնվող, «Սասնա ծռեր» խմբի անդամներ Պավել և Արամ Մանուկյաններին, Սեդրակ Նազարյանին, Թաթուլ Թամրազյանին, Արմեն Լամբարյանին, Աշոտ Պետրոսյանին, Հովհաննես Հարությունյանին: Տեղի են ունեցել առանձնազրույցներ:

Համաձայն օմբուդսմենի գրասնեյակի տարածած հաղորդագրության՝ առանձնազրույցների և անհատական մոտեցմամբ կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է հետևյալը՝

Հովհաններս Հարությունյանը օգոստոսի 22-ին ենթարկվել է ռենտգեն հետազոտության, ապա հեռացվել է նրա ոտքի վրայի ծանրոցը, դրվել է գիպսե վիրակապ: Հենց Հարությունյանի պնդմամբ՝ իր ինքնազգացողությունը լավացել է, և կարողանում է ազատորեն շարժել աջ ոտքի մատները:

«Էրեբունի» բժշկական կենտրոնի մասնագետների կողմից Աշոտ Պետրոսյանի վերքերի վրա դրված կարերը քանդվել են օգոստոսի 22-ին:

Սեդրակ Նազարյանին օգոստոսի 23-ին հանձնուքով փոխանցվել է սառնարան, հեռուստացույց, էլեկտրական հովհարիչ և իրեն անհրաժեշտ այլ իրեր:

«Թաթուլ Թամրազյանը, Արմեն Լամբարյանը, Արամ Մանուկյանը, Աշոտ Պետրոսյանը և Սեդրակ Նազարյանը պահման պայմանների, ինչպես նաև բուժօգնության կազմակերպման ու սպասարկման կապակցությամբ դժգոհություն չեն ներկայացրել:

Արձանագրվել է, որ օգոստոսի 16-ին, 19-ին և 22-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնի բժշկական անձնակազմն այցելել է վերը նշված բոլոր կալանավորված անձանց և կատարել անհրաժեշտ բժշկական միջամտություններ, այդ թվում՝ վիրակապություններ: Վիրակապությունների նման պարբերականությունը պայմանավորված է վերքերի լավացմամբ և բժշկական ցուցմամբ:

Պարզվել է նաև, որ ցերեկային ժամերին (մինչև ժամը 18:00) վերոնշյալ կալանավորված անձանց, այդ թվում՝ Հովհաննես Հարությունյանի խնամքն իրականացվում է բուժակի կողմից, իսկ երեկոյան և գիշերային ժամերին՝ հերթապահ բուժակի կողմից, իսկ վարչակազմի ներկայացուցչի աթոռը տեղադրված է անմիջապես Հ. Հարությունյանի հիվանդասենյակի դռան դիմաց:

Հիվանդասենյակների մաքրությունն իրականացվում է սանիտարի կողմից, իսկ երեկոյան և գիշերային ժամերին՝ տեխնիկատնտեսական աշխատանքներում ներգրավված դատապարտյալի կողմից»,- ասված է հաղորդագրության մեջ:

Օմբուդսմենի գրասենյակից հաղորդում են նաև, որ օգոստոսի 23-ին նաև նախաձեռնվել է հարցի քննարկման ընթացակարգ: «Քննարկման շրջանակներում կալանավորված անձանցից յուրաքանչյուրի նկատմամբ անհատական մոտեցման հիման վրա իրավասու մարմիններից պահանջվել են գրավոր պարզաբանումներ բարձրացրված հետևյալ հարցերի կապակցությամբ․ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում կալանավորված անձանց խնամքն ապահովող բուժակների կողմից իրականացվող շուրջօրյա հերթապահությունը դադարեցվելու, կալանավորված անձանց բուժօգնության հետագա կազմակերպման և նրանց հետագա խնամքն ապահովելու, Հ. Հարությունյանի կողմից իր նախընտրած բժշկի կողմից վիրահատության ենթարկվելու և բուօգնություն ստանալու հարցերի, ինչպես նաև նշված անձանց պահման մի շարք այլ պայմանների կապակցությամբ:

Պահման պայմանների ապահովման կապակցությամբ առանձին հարցեր լուծում են ստացել տեղում կամ ներառվել են պաշտոնական հաղորդակցության մեջ»,- ասված է հաղորդագրության մեջ:

***

«Սասնա ծռերի»՝ «Դատապարտյալների հիվանդանոցում» պահվող յոթ անդամների նկատմամբ օգոստոսի 22-ին դադարեցվել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի բուժակների շուրջօրյա հերթապահությունը: Քրեակատարողական հիմնարկի վստահեցմամբ՝ բուժակի հերթապահության անհրաժեշտություն այլևս չկա։

Օգոստոսի 23-ին մի խումբ քաղաքացիներ հավաքվել էին ՄԻՊ գրասենյակի դիմաց՝ պահանջելով, որ խմբի վիրավոր անդամներին պատշաճ խնամք ցուցաբերվի։ Ցուցարարները ՄԻՊ գրասենյակից երթով շարժվել էին «Դատապարտյալների հիվանդանոց»՝ ճանապարհին կանգ առնելով արդարադատության նախարարության մոտ։ Տեսանյութը՝ ստորև։

Մեկնաբանել