Պերմյակովի հարցով պայմանավորվածություն էր կայացվել դեռ համատեղ քննության ժամանակ. «Կոմերսանտ»

Permyakov KommersantՆախնական պայմանավորվածությունը, որ շարքային Պերմյակովն իր պատիժը կրելու է հայրենիքում, ձեռք էր բերվել դեռ գործի համատեղ քննության փուլում. գրում է ռուսական «Կոմերսանտը»՝ վկայակոչելով իր աղբյուրները:

«Պայմանավորվածության իրագործման մասին վկայում է այն, որ դատավարությունն ընթացել է ռազմաբազայի տարածքում, զինծառայողի պաշտպանությունն էլ չի ցանկանում բողոքարկել կայացրած վճիռը»,- գրում է «Կոմերսանտը»:

Պարբերականը մեջբերում է փաստաբան Ռուսլան Զակոլյուժնիի մեկնաբանությունը, ըստ որի՝ Ռուսաստանի և Հայաստանի միջև 1995թ. կնքված ռուսական ռազմաբազայի վերաբերյալ համաձայնագրով Հայաստանն ունի Պերմյակովին Ռուսաստանին հանձնելու «իրավունք, սակայն ոչ պարտավորություն»:

ՌԴ արդարադատության նախարարությունից «Կոմերսանտին» ասել են, որ Պերմյակովի գործով դատավճռի՝ ուժի մեջ մտնելուց հետո զինծառայողը կարող է անձամբ դիմում գրել ռուսական դատարան՝ հայցելով հայրենիքում պատիժը կրելու թույլտվություն, և եթե դատարանը հաստատի Հայաստանում կայացրած վճիռը, նյութերը կուղարկվեն Ռուսաստանի արդարադատության նախարարություն՝ վճռի կատարման համար:

«Կոմերսանտը» վկայակոչում է հայկական մամուլում տեղ գտած այն հրապարակումները, որոնց համաձայն՝ Պերմյակովին, հնարավոր է, փոխանակեն 2013թ. հուլիսի 13-ի ՌԴ-ում դժբախտ պատահարի համար դատապարտված ավտոբուսի վարորդ Հրաչյա Հարությունյանի հետ:

Թերթը հարցի շուրջ մեկնաբանություն է ստացել Հարությունյանի փաստաբան Իգոր Տրունովից, որի կարծիքով՝ «կարևոր է, որ հայրենիք վերադառնալուն պես դատապարտյալները կրեն իրենց պատիժը, ոչ թե ազատ արձակվեն՝ խեղաթյուրելով ամբողջ գործընթացը»:

Օգոստոսի 23-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովը դատապարտվեց ցմահ ազատազրկման։ Պատիժը կրելու սկիզբ է հաշվվում 2015թ․ հունվարի 13-ը։

Պերմյակովի՝ հայրենիքում պատիժը կրելու հնարավորությանը երեկ՝ դատավճռի հրապարակումից անմիջապես հետո, անդրադարձել էր նաև «Ինտերֆաքս» գործակալությունը:

Մեկնաբանել