Վաշինգտոնը զսպում է քրդերին և պատրաստ է արտահանձնել Գյուլենին

Turkish President Erdogan meets with U.S. Vice President Biden at the Presidential Palace in AnkaraՕգոստոսի 24-ին Թուրքիան Սիրիայի հյուսիսում սկսել է «Եփրատի վահան» ռազմական օպերացիան, որում ներգրավվել են ինչպես ցամաքային, այնպես էլ օդային ուժեր: Անկարան ի դեմս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարել է, որ պայքարում է ոչ միայն «Իսլամական պետության», այլև Սիրիայի քրդական զինուժի դեմ: Reuters և AFP գործակալությունների փոխանցմամբ՝ «Սիրիայի ազատ բանակը» Թուրքիայի աջակցությամբ երեկ երեկոյան գրավել է Ջարաբլուս քաղաքի մեծ մասը: «Եփրատի վահան» օպերացիան Անկարայում նույն օրը Թուրքիայի ղեկավարության հետ քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը՝ աջակցություն հայտնելով Թուրքիային և կոչ անելով Սիրիայի քրդական զինուժին վերադառնալ Եփրատի արևելյան ափ, «եթե ցանկանում է շարունակել օժանդակություն ստանալ»:

Կողմերի ուշադրության կենտրոնում էր հարցը, որ Սիրիայի քրդական «Դեմոկրատական միություն» կուսակցությունը (PYD)՝ ԱՄՆ գլխավոր դաշնակիցը Սիրիայում ընդդեմ «Իսլամական պետության», ձգտում է ընդլայնել իր ազդեցությունը Եփրատ գետից արևմուտք, ինչը հարուցում է Անկարայի մտահոգությունը:

«Մենք բացարձակ հստակ հասկացրել ենք, որ նրանք [քրդական զինուժը] պետք է վերադառնան գետի մյուս ափ: Նրանք չեն կարող և ոչ մի պարագայում չեն ստանա ամերիկյան օգնություն, եթե չկատարեն այդ հանձնառությունը»,- Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ համատեղ մամուլիս ասուլիսին հայտարարել է Ջո Բայդենը:

Իր հերթին Թուրքիայի վարչապետը հաստատել է՝ Վաշինգտոնի հետ համաձայնություն է կայացվել, որ PYD-ի տարրերը չեն առաջանա Եփրատից արևմուտք և «չեն ներգրավվի այնտեղ որևէ գործողությունում»:

«Մենք ևս մեկ անգամ տեսանք ԱՄՆ-ի վճռականությունն այդ հարցում,- Al-Monitor-ը մեջբերում է Յըլդըրըմին: – PYD/YPG տարրերը երբեք և ոչ մի պարագայում չեն կարող լինել Եփրատից արևմուտք ընկած տարածքում»:

Թուրքիան Սիրիայում սկսել է «Եփրատի վահան» օպերացիան Թուրքիան Սիրիայում սկսել է «Եփրատի վահան» օպերացիան

Թուրքիան PYD-ին և դրա ռազմական թևը՝ YPG-ին, դիտարկում է որպես Քրդստանի աշխատավորական կուսակցության՝ PKK-ի [Թուրքիայում հռչակված է ահաբեկչական կազմակերպություն – ՍիվիլՆեթ] ճյուղավորում: Անկարան հայտարարում է, որ YPG-ի՝ Եփրատից դեպի արևմուտք շարժվելու ցանկացած փորձ կնշանակի «կարմիր գծի հատում»:

Ընդգծելով, որ Թուրքիայի քաղաքականությունը Սիրիայում հանգում է «իր հարավային հարևանի տարածքային ամբողջականության պահպանմանը»՝ Յըլդըրըմն ասել է, որ Թուրքիան չի ընդունի Սիրիայում քրդական նոր կազմավորման ստեղծում:

Գյուլենի արտահանձնումը չպետք է հետաձգվի

Թուրք-ամերիկյան բանակցությունների առանցքային մյուս հարցը Փենսլվանիայում բնակվող իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնումն է Թուրքիային, որի պնդմամբ՝ ռազմական հեղաշրջման փորձի հետևում կանգնած է հենց Գյուլենը: Մինչև վերջերս պաշտոնական Վաշինգտոնը պարբերաբար հայտարարել է, որ Գյուլենի արտահանձնումը «իրավական գործընթաց է, որը կարող է տևել ամիսներ կամ տարիներ»:

Օգոստոսի կեսին ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչ Էլիզաբեթ Տրյուդոն ճեպազրույցի ժամանակ ասել էր. «Մենք ավելի վաղ խոսել ենք այդ հարցի շուրջ: Արտահանձնման վերաբերյալ համաձայնագիրը ստորագրված է երկկողմ կարգով: Գործընթացը հստակ սահմանված է, այն չի կարող ենթարկվել զգացմունքների և քաղաքականության ազդեցությանը»:

Այս հայտարարությունից ընդամենը երկու շաբաթ անց հայտնի է դարձել, որ Ջո Բայդենի՝ Թուրքիա մեկօրյա այցի նախաշեմին Թուրքիայի և ԱՄՆ-ի իրավագետներն ու դիվանագետները աշխատանք են նախաձեռնել Գյուլենի՝ Թուրքիային անհապաղ արտահանձնման ուղղությամբ:

Anadolu գործակալության փոխանցմամբ՝ գործընթացում ներգրավված՝ ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի և Պետքարտուղարության ներկայացուցիչները օգոստոսի 22-ին ժամանել են Անկարա՝ գործընկերների հետ աշխատանք սկսելու նպատակով:

«Մենք համագործակցում ենք Թուրքիայի իշխանությունների հետ,- Գյուլենի արտահանձնման մասին ասել է Բայդենը՝ հավելելով, որ ԱՄՆ-ն «իր դաշնակցին վնաս հասցնող անձին պաշտպանելու ոչ մի մտադրություն չունի», միևնույն ժամանակ, նա նշել է, որ որոշումը կընդունեն ԱՄՆ-ի դատարանները՝ Թուրքիայի տրամադրած փաստերի հիման վրա:

Գյուլենի հարցի վերաբերյալ Թուրքիայի վարչապետը կարծիք է հայտնել, որ երկու երկրների միջև գործընկերությունը «անհրաժեշտ է դարձնում իսլամական քարոզչի արտահանձնումը Թուրքիային»:

Թուրքիայի լավագույն բարեկամը ԱՄՆ-ն է. Բայդեն

Ջո Բայդենը ԱՄՆ-ի ամենաբարձրաստիճան պաշտոնյան է, որն այցելել է Թուրքիա հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո:

Անդրադառնալով հուլիսի կեսին Թուրքիայում ծավալված իրադարձություններին՝ Բայդենը պատմել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման «իրեն ուղարկել է Թուրքիա՝ վերջինիս աջակցություն և համերաշխություն ցուցաբերելու նպատակով:

«Մի՛ վիրավորվեք, սակայն պետք է ասեմ, որ Թուրքիայի լավագույն բարեկամը ԱՄՆ-ն է,- ասել է նա՝ հավելելով, որ հեղաշրջման գիշերը Վաշինգտոնն «անմիջապես կանգնել է Անկարայի կողքին»:

Ստելլա Մեհրաբեկյան

Մեկնաբանել