Երևանում ԱՄՆ-ի կողմից հետախուզվող ՌԴ քաղաքացու են ձերբակալել

Լուսանկարը՝ Կոմերսանտի կայքէջից։ Լուսանկարը՝ Կոմերսանտի կայքէջից։

Օգոստոսի 27-ին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է Ռուսաստանի քաղաքացի Սերգեյ Միրոնովը, որի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից միջազգային հետախուզում է հայտարարվել։ Ռուսական լրատվամիջոցները հաղորդում են, որ Միրոնովը կասկածվում է փողերի լվացման (50 հազ․ դոլար) և ինտերնետի միջոցով ռազմական տեխոնոլգիաների անօրինական վաճառքի մեջ։

Միրոնովը կնոջ հետ Երևան էր ժամանել արձակուրդն անցկացնելու նպատակով։

Այս ձերբակալությունը դարձել է ռուսական լրատվամիջոցների քննարկման գլխավոր թեմաներից։

«Կոմերսանտի» փոխանցմամբ՝ Միրոնովի մոսկվայաբնակ փաստաբան Կարեն Ներսիսյանն ասել է, որ երկուշաբթի դատարանը պետք է որոշի Միրոնովին ԱՄՆ-ին արտահանձնելու հարցը։ Ռուսական «Ինտերպոլի» ցուցակներում Սերգեյ Միրոնովի անունը, ըստ «Կոմերսանտի», չկա։ ԱՄՆ պետքարտուղարությունը հրաժարվել է մեկնաբանել Ռուսաստանի քաղաքացու ձերբակալությունը։ Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Էլիզաբեթ Տրյուդոն խորհուրդ է տվել այդ հարցով դիմել ՀՀ իշխանություններին։

Ներսիսյանն ասել է, որ Սերգեյ Միրոնովը ռուս-բելառուսական մի ընկերությունում աշխատել է որպես տեսատեխնոլոգիաների բաժնի պետ, և ԱՄՆ-ում եղել է ընդամենը մեկ անգամ՝ 2013-ին, երբ մեկ շաբաթով գործուղման էր գնացել։

Միրոնովին արդեն հարցաքննել են ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում, և նա այժմ մեկուսարանում է։ Այժմ լուծվում է Միրոնովի փաստաբան Կարեն Ներսիսյանի՝ Հայաստանի տարածքում մասնագիտական գործունեությունն իրականացնելու հավատարմագրման հարցը։

«ԱՄՆ-ը փորձում է սեպ խրել ռուս-հայկական հարաբերություններում»

Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահի՝ պաշտպանության և անվտանգության հարցերով առաջին տեղակալ Ֆրանց Կլինցևիչը «ՌԻԱ Նովոստի» գործակալությանն ասել է, որ ԱՄՆ-ը, պահանջելով Միրոնովի արտահանձնումը, ցանկանում է սեպ խրել Մոսկվայի և Երևանի հարաբերություններում։

«Չգիտեմ, թե որքանով են հիմնավոր Ռուսաստանի քաղաքացու նկատմամբ մեղադրանքները։ Այդ հարցը կարելի է և ընդհանուր կարգով լուծել։ Սակայն տվյալ դեպքում խոսքը ոչ միայն և ոչ այնքան ԱՄՆ-ի՝ ամբողջ աշխարհն իր իրավազորության տակ առնելու սովորական պրակտիկայի մասին է»,- ասել է Կլինցևիչը՝ շեշտելով, որ հստակ նպատակ է դրված սեպ խրել Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում։ «Շատ կցանկանայի, որ Սերգեյ Միրոնովի արտահանձնման հարցը քննարկելիս հայկական կողմը նկատի առնի այդ հանգամանքը»,- ասել է նա։

Սերգեյ Միրոնովի կինը՝ Յուլյան, «Իզվեստիա» թերթին պատմել է, որ իր ամուսնու ձերբակալությունը տեղի է ունեցել Երևանի օդանավակայանի անձնագրային հսկողության կետում։ «Կցանկանայի, որ Ռուսաստանը վերցներ իր քաղաքացուն, որպեսզի արդեն տանը պարզեին իրավիճակը»,- ասել է նա։ Միրոնովի կինն ընդգծել է, որ հայկական կողմը լավ վերաբերմունք է դրսևորում իր ամուսնու նկատմամբ․«Ինձ շատ ուրախացնում է հայկական կողմի վերաբերմունքը։ Բոլորը շատ դրական են տրամադրված։ Բոլորը հասկանում են իրավիճակի աբսուրդը»։

Մեկնաբանել