ԼՂՀ օմբուդսմենը դատախազությունից պարզաբանում է պահանջում Հայկ Խանումյանի գործով

KhanumyanԼեռնային Ղարաբաղի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը ԼՂՀ դատախազությանը կոչ է անում պարզաբանել ԼՂՀ Ազգային ժողովի ընդդմադիր պատգամավոր Հայկ Խանումյանի նկատմամբ բռնության գործով մեղադրյալների արարքների վերաորակման փաստը։ Այս մասին ասված է ԼՂՀ օմբուդսմենի աշխատակազմի տարածած հայտարարության մեջ։

«Արցախի մարդու իրավունքների պաշտպանը բռնության գործադրման օրը հանդես է եկել հայտարարությամբ, որով դատապարտել է բռնարարքը, ինչպես նաև ընդգծել է քննության արդյունքների մասին հանրությանը պատշաճորեն իրազեկելու անհրաժեշտությունը: Նույն հայտարարությամբ օմբուդսմենը նաև հանձնառություն է ստանձնել հետևելու փաստի վերաբերյալ քննության ընթացքին:

Գործով նախաքննության ընթացքում օմբուդսմենի աշխատակազմն առանձին վարութային հարցերի շուրջ դիմումներ է ստացել տուժողի ներկայացուցչից և մեղադրյալների պաշտպանից, որոնք որոշմամբ ընդունվել են քննարկման:

Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ քննության հատկապես սկզբնական փուլում հանրությանն իրազեկելու գործառույթը հիմնականում իրականացվել է պատշաճ մակարդակով, մասնավորապես` պարբերաբար հաղորդագրություններ են տրվել` հայտնելով արարքի սկզբնական որակումը (առևանգում), բացահայտելով կատարվող դատավարական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակը, այնուհետև` տեղեկացնելով ենթադրաբար հանցանք կատարած անձանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և դատավարական հարկադրանքի միջոցներ (ձերբակալում, կալանավորում) կիրառելու մասին»,- ասված է հայտարարության մեջ:

ԼՂՀ օմբուդսմենն արձանագրում է նաև, որ ներկայում հանրային ուշադրության առարկա է դարձել, մասնավորապես, մեղադրյալների արարքները առևանգումից (ծանր հանցագործություն) խուլիգանության (միջին ծանրության հանցագործություն) վերաորակելու փաստը: Իսկ նշված որոշման դեմ տուժողի ներկայացուցչի բողոքը դատախազական հսկողություն իրականացնող մարմնի կողմից մերժվել է:

«Հանրային ուշադրությունը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ առկա է ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներումը մեղադրյալների նկատմամբ կիրառելու հնարավորություն:

Վերոգրյալը հաշվի առնելով` մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում, որ դատախազությունը հանրությանը պարզաբանի վերաորակման փաստական և իրավական հիմնավորումը: Ընդ որում, ցանկալի է, որ պարզաբանումը մատչելի լինի ոչ միայն իրավաբանների, այլև լայն հանրության համար»,- ասված է հայտարարության մեջ:

Նշվում է, որ իրավական գործընթացի հանգուցալուծումից հետո ԼՂՀ օմբուդսմենը հանդես կգա ամփոփիչ հայտարարությամբ:

***

ԼՂՀ ԱԺ «Վերածնունդ» խմբակցության պատգամավոր Հայկ Խանումյանը Ստեփանակերտի կենտրոնում դաժան ծեծի էր ենթարկվել այս տարվա հունիսի 6-ին:

Մեկնաբանել