Հայ-վրացական հարաբերությունները դրական առաջընթաց են գրանցել, կարծում է Կվիրիկաշվիլին

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին սեպտեմբերի 5-ին հանդիպումներ է ունեցել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։

Ինչպես հաղորդում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից՝ ընդունելով Գիորգի Կվիրիկաշվիլին և նրա գլխավորած պատվիրակությանը՝ Հովիկ Աբրահամյանն ասել է, որ վերջին տարիներին Հայաստանի և Վրաստանի իշխանությունների միջև ակտիվ համագործակցություն է ծավալվում, և հայ-վրացական հարաբերությունները նկատելի առաջընթաց են արձանագրել։

«Հայաստանի համար Վրաստանի դերն ու նշանակությունը կարևորվում է ոչ միայն երկկողմ հարաբերություններում, այլև ողջ տարածաշրջանի անվտանգության ապահովման գործում»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:

ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն՝ Վրաստանի վարչապետն իր հերթին նշել է, որ վերջին տարիներին հայ-վրացական փոխհարաբերություններն աչքի են ընկնում դրական առաջընթացով։

«Ուրախալի է այն փաստը, որ մեր երկրների միջև տնտեսական բնագավառում համագործակցության մակարդակը բարձր է, և արդյունավետ է աշխատում համատեղ միջկառավարական հանձնաժողովը»,- ասել է Գիորգի Կվիրիկաշվիլին:

Հայաստանի և Վրաստանի վարչապետները քննարկել են առևտրատնտեսական, էներգետիկայի, տրանսպորտի, զբոսաշրջության, կրթության ոլորտներում հայ-վրացական համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Հովիկ Աբրահամյանը նշել է, որ հեռանկարային կարող է լինել նաև Հայաստանում հայ-վրացական համատեղ ձեռնարկությունների հիմնումը, ինչը կդյուրացնի վրացական ընկերությունների մուտքը Եվրասիական տնտեսական միության միասնական շուկա: Վրաստանի վարչապետը ողջունել է այդ գաղափարը և առաջարկել համատեղ աշխատանքային խմբի ձևաչափով քննարկել հետագա քայլերը:

Կողմերը կարևորել են Հյուսիս-հարավ էլեկտրաէներգետիկական միջանցքի նախագծի իրագործումը: Անդրադարձ է եղել նաև Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի կառուցմանը, կարևորվել է աշխատանքների արագ ընթացքը։

Վրաստանի վարչապետն անդրադարձել է բնական աղետների պատճառով Վերին Լարսի անցակետում առաջացող խնդիրներին և նշել է, որ Հայաստանի և Վրաստանի տրանսպորտի նախարարություններն ակտիվ համագործակցում են և ջանքեր գործադրում դրանց վերացման ուղղությամբ:

Հանդիպման ավարտին Գիորգի Կվիրիկաշվիլին նշել է, որ անկախ Վրաստանի պատմության մեջ ներկայում հայ-վրացական հարաբերություններն ամենաբարձր մակարդակի վրա են, և անհրաժեշտ է շարունակել ջանքերը դրանք ամրապնդելու ուղղությամբ:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն՝ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը Վրաստանի վարչապետն ասել է, որ երկու երկրների կառավարությունների միջև առկա փոխըմբռնումը, ինչպես նաև վերջին տարիների համագործակցության դինամիկան ու ակտիվ առևտրատնտեսական կապերը շատ լավ հիմք են ավելի ամրապնդելու հարաբերությունները՝ լիարժեքորեն օգտագործելով առկա մեծ ներուժը:

Հայաստանի և Վրաստանի միջև ամուր բարեկամական կապերը, Կվիրիկաշվիլիի խոսքով, կարևոր են ինչպես Վրաստանի և Հայաստանի համար, այնպես էլ, ընդհանուր առմամբ, Հարավային Կովկասի կայունության տեսանկյունից:

Սերժ Սարգսյանն իր հերթին ասել է, որ երկու ժողովուրդներին կապում են պատմականորեն ձևավորված բազմադարյա եղբայրական հարաբերությունները, որոնց Հայաստանում հոգատարությամբ են վերաբերում։ Նա նշել է, որ դրանք անհրաժեշտ է մշտապես զարգացնել ու ամրապնդել:

Երկու երկրների միջև գոյություն ունեցող քաղաքական երկխոսության ներկայիս բարձր մակարդակը, Սերժ Սարգսյանի համոզմամբ, թույլ է տալիս երկկողմ հարաբերությունները բոլոր բնագավառներում ավելի խորացնել՝ հասցնելով որակապես նոր մակարդակի:

Մեկնաբանել