Իրանի հետ համաձայնագիրը նոր հնարավորություններ կբացի Հայաստանի համար

Armenia Iran flagsԻրանի միջուկային ծրագրի հարցում ձեռք բերված համաձայնությունը հսկայական հնարավորություններ է բացում Հայաստանի համար, համոզված է ամերիկյան «Քարնեգի» հետազոտական կենտրոնի ավագ վերլուծաբան Փոլ Սթրոնսկին: «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի հետ զրույցում վերլուծաբանը նշել է, որ համաձայնագրի իրականացման և Իրանից որոշ պատժամիջոցների հանման դեպքում հայկական կողմը կարող է խորացնել Իրանի հետ տնտեսական համագործակցությունը առևտրի, փոխադրումների և տեխնոլոգիաների ոլորտում.

«Իրանի հետ առևտուրը Հայաստանի արտաքին առևտրի ընդամենը 5 տոկոսն է կազմում, ինչի պատճառը պատժամիջոցներն էին: Այսպիսով, Իրանից պատժամիջոցները հանելուն պես Հայաստանի համար նոր հնարավորություններ կբացվեն»: Դրան գումարած՝ Հայաստանն իրական հնարավորություն է ստանում իր տարածքով իրանական գազ տեղափոխել դեպի Եվրոպա, ինչն իրական է նույնիսկ Ռուսաստանի հակազդեցության դեպքում.

«Ես միանշանակ Հայաստանին կխրախուսեի քննարկել Իրանի և Վրաստանի հետ իրանական էներգակիրների՝ իր տարածքով փոխադրման հնարավորությունները»,- ասել է վերլուծաբանը:

Ընդհանուր առմամբ, Սթրոնսկիի կարծիքով, համաձայնագիրը պետք է նպաստի Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը: Համաձայնագրին այլ կերպ է նայում նախկինում ռազմական փորձագետ, իսկ ներկայում` Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդի ավագ վերլուծաբան Սթիվեն Բլանկը: Նրա կարծիքով՝ ամեն ինչ կախված կլինի Թեհրանից: Մասնավորապես, պատժամիջոցների մի մասի վերացման դեպքում Իրանն իրավունք կստանա ազատորեն վաճառել նավթ և գազ, որից մոտավոր հաշվարկներով 150 միլիարդի հավելյալ եկամուտ կստանա:

Վերլուծաբանի կարծիքով՝ այդ գումարի մի մասը կարող է օգտագործվել հարևանների շրջանում իրանական ազդեցության ավելացման համար.

«Իրանը կփորձի ավելացնել սեփական դերակատարությունն ու ազդեցությունը Հարավային Կովկասում, սակայն, հնարավոր է՝ դա անի ավելի քաղաքակիրթ մեթոդներով»:

Այսպիսով, Բլանկի խոսքով, համաձայնության արդյունքում Իրանը կարող է փոխվել և այդ դրական փոփոխությունը տարածել հարևանների վրա: Եվ կարող է, ընդհակառակը, հավատարիմ մնալ նույն սկզբունքներին և նավթից ստացվող դոլարների շնորհիվ ավելի մեծ ծավալներով հովանավորել «Համաս» ու «Հեզբոլահ» խմբավորումներին.

«Եթե Իրանը հավատարիմ մնա բարիդրացիական հարևանության սկզբունքներին և չփորձի իշխանափոխություն կազմակերպել հարևան պետություններում, ինչը դեռևս մեզ անհայտ է, ապա միջուկային ծրագրի շուրջ այս համաձայնագիրը դրական կանդրադառնա Հարավային Կովկասի երկրների վրա, հակառակ դեպքում՝ ազդեցությունը բացասական է լինելու»:

Ամերիկացի երկու մասնագետներն էլ համամիտ են մեկ բանում՝ հայ-իրանական հարաբերությունները համաձայնագրի վավերացման դեպքում որևէ կերպ չեն տուժի, այլ՝ ընդհակառակը, կշահեն:

***

Հուլիսի 14-ին Վիեննայում Իրանն ու միջազգային միջնորդների Վեցյակի երկրները (ԱՄՆ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան և Ռուսաստան) համաձայնության են հասել իրանական միջուկային ծրագրի շուրջ:

Հայաստանի արտգործնախարար Էդվրարդ Նալբանդյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ ողջունելով «Իրանի և միջազգային միջնորդների նպատակասլաց, կառուցողական ջանքերի արդյունքում իրանական միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունը»:

Մեկնաբանել