Բաքվին դուր չի եկել, որ Ուորլիքը մասնակցել է Արցախի անկախության միջոցառմանը

Լուսանկարը՝ asbarez.com-ից Լուսանկարը՝ asbarez.com-ից

Բաքվում ԱՄՆ-ի դեսպան Ռոբերտ Սեկուտան կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ, որտեղ նրան բողոքի նոտա է հանձնվել այն առթիվ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը մասնակցել է դեկտեմբերի 9-ին Կոնգրեսում կայացած՝ Արցախի անկախության տարեդարձին նվիրված ամենամյա միջոցառմանը: Դրան ներկա են գտնվել Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Կարեն Միրզոյանը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը, մի շարք կոնգրեսականներ:

Բաքվին դուր չի եկել նաև այն, որ Ուորլիքը հանդիպում է ունեցել Կարեն Միրզոյանի հետ, չնայած դա թերևս ամերիկացի համանախագահի առաջին հանդիպումը չէր ԼՂ պաշտոնյայի հետ:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը, բողոքի նոտայում նշված է, որ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի մասնակցությունը «այնպիսի միջոցառումների, որոնք ուղղված են Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ, խախտում է Մինսկի խմբի եռանախագահության մանդատն ու ստվերում խմբի չեզոքությունն ու անկողմնակալությունը»:

Մեկնաբանել