Օբաման՝ արցունքներն աչքերին պահանջում է կարգավորել զենքի գնման գործընթացը ԱՄՆ-ում

«Երկարատև քրեական պատմություն ունեցող մարդիկ մահացու զենք գնելու ազատ հնարարավորություն ունեն, չափից մեծ ազատ», - հայտարարել  է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման: «Երկարատև քրեական պատմություն ունեցող մարդիկ մահացու զենք գնելու ազատ հնարարավորություն ունեն, չափից մեծ ազատ»,- հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:

Միացյալ Նահանգների նախագահը որոշել է լրջորեն զբաղվել զենքի վաճառքը խստացնելու հարցով, քանի որ, նրա խոսքով, խնդրի լրջությունն արդեն կենսական նշանակություն ունի երկրի համար:

«Յուրաքանչյուր տարի ավելի քան 30 000 ամերիկացի զոհվում է զենքերից, հարյուր հազարավոր մարդիկ կորցնում են իրենց եղբայրներին և քույրերին, ծնողները՝ հողին հանձնում իրենց զավակներին»,- ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի խոսքն է փոխանցում «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը:

Օբամայի խոսքով՝ Միացյալ Նահանգները միակ առաջատար երկիրն է, որտեղ այս ծավալներով է տարածված զենքի կիրառմամբ զանգվածային բռնությունը:

«Մեզ համար այն նույնիսկ սովորական է դարձել, և խնդիրը կարգավորելու փոխարեն մենք ընկղմված ենք դրա շուրջ վեճերի մեջ»,- ավելացրել է նախագահը:

Հրազենային զանգվածային հարձակումների օրինակների թվում Բարաք Օբաման թվարկել է Նյութաունի դպրոցում 2012-ին տեղի ունեցած ողբերգությունը, որի ընթացքում հոգեկան խանգարումներ ունեցող 20-ամյա զինված հանցագործը սպանել էր սեփական մորը, դպրոցի 6 ուսուցչի և առաջին դասարանի 20 աշակերտների: Հիշատակելով սպանված 6 տարեկան երեխաներին՝ նույնիսկ աշխարհի ամենահզոր երկրի առաջնորդը չի կարողացել զսպել արցունքները:

«Ամեն անգամ, երբ այդ երեխաների մասին եմ մտածում… այդ միտքն ինձ խելագարեցնում է: Ու ի դեպ, նման դեպքեր պատահում են Չիկագոյի փողոցներում, ամեն օր», – նշել է Օբաման:

ԱՄՆ նախագահն առաջարկել է կարգավորել զենք գնելու գործընթացը, մասնավորապես, լիցենզավորել զենքի վաճառքով զբաղվող բոլոր ընկերություններին և ձեռներեցներին, և կարգավորել զենք գնելու թույլտվություն ձեռք բերելու գործընթացը: Այժմ, Օբամայի խոսքով, ինտերնետով կարելի է զենք գնել առանց որևէ թույլտվության:

ԱՄՆ-ի նախագահի նախաձեռնությանը դեմ են որոշ զենք արտադրողներ և պահպանողականներ, որոնց կարծիքով, Սահմանադրության մեջ ամրագրված զենք կրելու իրավունքը պետք է արտացոլվի ուղղակիորեն:

«Նրանք ցանկանում են զենքերը գրանցել, որից հետո դրանք բռնագրավելու են մեզնից: Բռնագրավմամբ զբաղվել են Հիտլերն ու Ստալինը, որոնք ցանկանում էին հսկել բնակչությանը»,- ասում է Թեքսասի զենքի խանութի սեփականատեր Ջեյմս Հիլը:

Նախագահ Օբաման սակայն նշել է, որ զենք կրելու իրավունքը չի սահմանափակվելու, սակայն հոգեկան խնդիրներ և քրեական անցյալ ունեցող մարդիկ այլևս չեն ունենալու զենք ձեռք բերելու իրավունք։

Մեկնաբանել