Կարեն Կարապետյանը դարձել է «Գազպրոմ»-ի դուստր ձեռնարկության բաժնետեր

Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը դարձել է ռուսաստանյան «ОГК-2» էներգետիկ ընկերության (մտնում է «Գազպրոմ էներգահոլդինգ»-ի մեջ) բաժնետեր․ նրան պատկանում է ընկերության բաժնետոմսերի 0,009%-ը։ Այս մասին հաղորդում է «Ռիա նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով ընկերության նյութերը։

«Կարեն Կարապետյանի բաժնեմասը փոխվել է հոկտեմբերի 26-ին։ Մինչ այդ նա չի ունեցել «ОГК-2»-ի բաժնետոմսեր»,- գրում է գործակալությունը։

Ըստ ընկերությունից լրատվամիջոցին փոխանցված տվյալների՝ Կարապետյանին բաժնետոմսերը տրվել են որպես պարգևատրում 2015թ․ աշխատանքի արդյունքներով։ Այդ մասին որոշումն ընդունվել է ընկերության բաժնետերի տարեկան հավաքի ժամանակ՝ 2016թ․ հունիսին։

Կարեն Կարապետյանը ՀՀ վարչապետ է նշանակվել սեպտեմբերի 13-ին։

2001-2010 թթ. եղել է «ՀայՌուսգազարդ» ընկերության վարչության նախագահ-գլխավոր տնօրենը:

2010թ․ դեկտեմբերի 17-ից 2011թ․ հոկտեմբերի 28-ը զբաղեցրել է Երևանի քաղաքապետի պաշտոնը։

2011թ․ դեկտեմբերին նշանակվել էր ռուսաստանյան «Գազպրոմբանկի» առաջին փոխնախագահի պաշտոնում: 2012թ. նոյեմբերից զբաղեցնում էր «Գազպրոմ Մեժրեգիոնգազ» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը։

Մեկնաբանել