Չնայած բարեփոխումներին՝ ընտրակաշառքների ու ճնշումների մասին հաղորդումները ստվերել են ապրիլյան ընտրությունները․ զեկույց

Չնայած ողջունելի օրենսդրական փոփոխություններին և ընտրախախտումների կրճատմանը միտված նոր տեխնոլոգիաների ներմուծմանը՝ ընտրությունները ստվերել են ընտրակաշառքների, քաղծառայողների, այդ թվում՝ դպրոցներում ու հիվանդանոցներում, ինչպես նաև մասնավոր ընկերությունների աշխատակիցների վրա ճնշման մասին վստահելի տեղեկությունները ու կոնկրետ կուսակցությունների համար ձայներ հավաքելու նպատակով ընտրողներին ահաբեկելու մասին համատարած պնդումները․ այսպիսի գնահատական է տրված Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների ու մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) ամփոփիչ զեկույցում, որը վերաբերում է ապրիլի 2-ին Հայաստանում անցած խորհրդարանական ընտրություններին։ Զեկույցի հեղինակները վերահաստատում են, որ ընտրությունները «լավ են անցկացվել և ընդհանուր առմամբ պահպանվել են հիմնարար ազատությունները»։

Զեկույցը հղում է անում «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի արած բացահայտումներին՝ դպրոցների տնօրենների կողմից Հանրապետական կուսակցության օգտին ձայներ հավաքագրելու վերաբերյալ, և նշում, որ այս և ձայների հավաքագրման ու ձայներ գնելու մասին համատարած հաղորդումները «բացասաբար են անդրադարձել քարոզարշավի վրա»՝ ավելացնելով ընտրական գործընթացի հանդեպ «հանրության անվստահությունը»։

«Իշխանություններն ու քաղաքական կուսակցությունները պետք է ձեռնարկեն առավելագույն միջոցները ընտրությունների արդարության հանդեպ հանրային վստահությունն ավելացնելու համար՝ հետ պահելով ընտրողներին ձայների առքուվաճառքից»,- հայտարարում է գրասենյակը։ Բացի այդ, իշխանությունները պետք է ահահովեն, որ քաղաքացիները ճնշման չենթարկվեն քարոզարշավի միջոցառումների մասնակցելու կամ որոշակի ուժի օգտին քվեարկելու համար։

Հանձնարարականների թվում իշխանություններին հորդորում են շարունակել ջանքերը օրենսդրության բարելավման և սույն զեկույցում և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ու Վենետիկի հանձնաժողովի նախորդ հանձնարարականներում մատնանշված բացերն ու անորոշությունները հարթելու ուղղությամբ։

«Ցանկացած փոփոխություն պետք է հիմնված լինի լայն խորհրդակցությունների վրա և ընդունվի հաջորդ ընտրություններից երկար ժամանակ առաջ»,- նշում են հեղինակները։

Մեկնաբանել