Լապշինի արտահանձնումը Կրեմլի թեման չէ․ ՌԴ նախագահի խոսնակ

Այսօր Բաքվի դատարանի կողմից երեք տարվա ազատազրկման դատապարտված բլոգեր Ալեքսանդր Լապշինի՝ Ռուսաստան արտահանձնման հարցը Կրեմլի թեման չէ․ այսպիսի մեկնաբանություն է արել ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Ոչ, դա Կրեմլի թեման չէ»,- ասել է խոսնակը։

Ռուսաստանյան լրատվամիջոցների հետ զրույցում Լապշինի փաստաբան Էդուարդ Չերնինն ասել է, որ բլոգերի արտահանձնումը հնարավոր է մասնավորապես Ռուսաստան, Իսրայել կամ Ուկրաինա։

«Լապշինը կարող է պատիժը կրել այլ երկրում։ Դա, մասնավորապես, կարող է լինել Իսրայելը, Ռուսաստանը կամ Ուկրաինան, չէ որ նա այդ երկրների քաղաքացի է։ Դա թույլ են տալիս միջազգային կոնվենցիաները»։

Բաքվի՝ ծանր հանցագործությունների դատարանն այսօր հրապարակել է Ռուսաստանի, Իսրայելի և Ուկրաինայի քաղաքացի Ալեքսանդր Լապշինի գործով դատավճիռը․ նա դատապարտվել է երեք տարվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի գաղութում, հաղորդում են ադրբեջանական կայքերը։

Դատախազն ավելի վաղ պահանջել էր 6,5 տարվա ազատազրկում։

Մեղադրական ակտից հանվել է 281.2-րդ հոդվածը (պետության դեմ ուղղված կոչեր)։ Դատարանում նշել են, որ քննչական միջոցառումների ընթացքում տվյալ մեղադրանքը չի հաստատվել։ Արդյունքում Լապշինը դատապարտվել է 318.2-րդ հոդվածով՝ (պետական սահմանի ապօրինի հատում)։

Մեկնաբանել