Ինչ է ջրում «Երևան ջուր»-ը

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հակված չէ բավարարել «Երևան ջուր» ընկերության պահանջը և բարձրացնել 2012-2013 թթ. ջրամատակարարման և ջրահեռացման սակագները։ Դրանք Երևանում հուլիսի 8-ից հետո էլ կմնան անփոփոխ. ֌174,06՝ 1 խմ-ի դիմաց։ Ի դեպ՝ գործող սակագնի պահպանումը լիովին բխում է ընկերության շահերից։

Ըստ ՀԾԿՀ որոշման նախագծի, որը քննարկվելու է այսօր՝ մայրաքաղաքում սպառողներին խմելու ջրի մանրածախ մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայության սակագները նախատեսվում է թողնել անփոփոխ։ Այս ծառայությունների համար Երևանում կշարունակեն վճարել ֌174,06՝ 1 խմ-ի դիմաց։

Նշենք, որ փետրվարի 27-ին «Երևան ջուր»-ը դիմել էր ՀԾԿՀ՝ 2012-2013 թթ. համար ճշգրտելու ջրամատակարարման և ջրահեռացման սակագները։ Ընկերությունն առաջարկել էր 1 խմ-ի գործող ֌174,06 սակագինը բարձրացնել մինչև ֌176,08 (աճը՝ ֌2 կամ 1,1%)։ Սակագնի ճշգրտման անհրաժեշտությունը ընկերությունը պայմանավորել էր գնաճով, էլեկտրաէներգիայի գնով և դոլար/եվրո փոխարժեքով։

Ջուրը շարունակում է կորել
Չնայած ՀԾԿՀ-ի կողմից հայտի մերժմանը՝ սակագնի անփոփոխ մնալը լիովին ձեռնտու է «Երևան ջուր» ընկերությանը։ Խնդիրն այն է, որ ըստ 2005թ. ՀՀ կառավարության և «Երևան ջուր» ընկերության կառավարումը ստանձնած ֆրանսիական «Ժեներալ դեզ Օ»-ի միջև կնքված համաձայնագրի՝ վերջինս պարտավորվել է 2009-ից սկսած ջրի գինն աստիճանաբար իջեցնել և 10-րդ տարում հասցնել ֌93/1 խմ-ի։

Նշենք, որ այս պարտավորության մասին «Երևան ջուր»-ը հիշել է միայն 2011թ. հուլիսի 8-ին, ինչից հետո մայրաքաղաքի բնակիչները 1 խմ-ի դիմաց սկսեցին մոտ ֌7-ով քիչ վճարել (֌174,06)։

Հաշվի առնելով կառավարության և ընկերության միջև կնքած պայմանագիրը՝ մինչև 2016թ. յուրաքանչյուր տարի Երևանում ջուրը 1 խմ-ի հաշվով պետք է էժանանա միջինը ֌16-ով։ Սակայն այս տարի նման նվազում այդպես էլ տեղի չի ունենա։

Նշենք, որ սակագների աստիճանական իջեցումը «Երևան ջուր»-ը պետք է ապահովեր հիմնականում ջրի կորուստների կրճատման հաշվին։ Այսպես, ըստ պայմանագրի, ֆրանսիական ընկերությունը պարտավորվել է վարձակալության առաջին տարում ջրի կորուստները կրճատել 17 մլն խմ-ով, երեք տարում՝ 93 մլն խմ-ով, իսկ ամբողջ վարձակալության ժամկետում՝ 215 մլն խմ-ով։

Ընկերության տարեկան հաշվետվություններից պարզ երևում է, որ կառավարման հինգ տարիներին ընկերությունն այդպես էլ չի կատարել պայմանագրային իր պարտավորությունները։

Այսպես՝ «Երևան ջուր» ընկերության 2006-2007 թթ. կատարած աշխատանքների հաշվետվությունում նշվում է, որ 2006թ. ջրի իրացման ծավալները, ըստ ՀԾԿՀ մոնիթորինգի, կազմել է 59,83 մլն խմ, ջրառը՝ 382,7 մլն, ինչը նշանակում է, որ ջրի կորուստները կազմել են 84,3%։ ««Երևան ջուր» ՓԲԸ 2010-2011 թթ. կատարած աշխատանքների վերաբերյալ» հաշվետվության համաձայն՝ պայմանագրային 5-րդ տարում ջրամատակարարման ծավալը կազմել է 58,41 մլն խմ, ջրառը՝ 334,69 մլն։ Կորուստները նվազել են մինչև 82,5%։

Ըստ էության՝ նախորդ հինգ տարիների ընթացքում ջրի կորուստների ցուցանիշը նվազել է մոտ 2-տոկոսային կետով կամ բացարձակ թվով՝ 46,6 մլն խմ-ով։ Եվ սա այն դեպքում, երբ առաջին երեք տարում ընկերությունը պետք է ապահովեր ջրի կորուստների կրճատում 93 մլն խմ-ով։

Իհարկե, ընկերության հաշվետվությունում նշվում է, որ կառավարման հինգերորդ տարում ջրամատակարարման շարունակականությունը կազմել է 21,26 ժամ՝ 2008թ. 17 ժամի դիմաց, սակայն աշխատանքների արդյունավետության կարևոր ցուցանիշը թերևս ջրի կորուստների կրճատումն է։

Նման պայմաններում, երբ ընկերությունում ըստ էության չեն կարողացել զգալիորեն կրճատել ջրի կորուստներն ու արդյունքում նվազեցնել սակագները, պարզապես ընտրել են դրանք գոնե չնվազեցնելու մարտավարություն։ Իսկ ՀԾԿՀ-ին ջրամատակարարման և ջրահեռացման սակագների բարձրացման հայտի ներկայացումն ու հանձնաժողովի մերժումը լավագույն տարբերակն է գործող սակագինը պահպանելու համար. այն նպաստավոր է «Երևան ջուր» ընկերության համար։