Տիգրան Ուրիխանյանը պատասխանել է Յուրի Վարդանյանին

«Ինձ հասկանալի չէ, թե ինչու մեր կոռեկտ պատասխանը, թե Յուրի Վարդանյանը կարող էր մնալ իր հայրենիքում և որպես ոլորտի պրոֆեսիոնալ՝ զբաղվել ոլորտի հիմնահարցերով, նման բուռն արձագանքի առիթ դարձավ։ Առնվազն տարօրինակ է նաև, որ բացարձակ ապաքաղաքական այդ պատասխանը մեկնաբանվեց որպես սպորտային խնդիրը քաղաքական դաշտ տեղափոխելու փորձ։ Որքան էլ մենք փորձեցինք որևէ քաղաքական ենթատեքստ տեսնել մեր արձագանքի մեջ, անկեղծ ասած, չտեսանք և այսուհետ ևս որևէ մտադրություն չունենք զուտ սպորտային բանավեճը քաղաքականացնելու։ Ընդամենը ի գիտություն պարոն Վարդանյանի հավելեմ, որ Գագիկ Ծառուկյանը ՀԱՕԿ նախագահն է և բնականաբար չի կարող պատասխանատվություն կրել նեղ մասնագիտական խնդիրների համար։ Իսկ եթե պարոն Վարդանյանը, որպես ոլորտի մասնագետ, իրապես սրտացավ էր, ապա կարող էր ոչ թե գնահատականներ հնչեցնել՝ ով է պրոֆեսիոնալ, իսկ ով ՝ ոչ, այլ խնդիրները քննարկել ծանրամարտի հավաքականի մարզչի, կամ ֆեդերացիայի մարզիչ հետ։ եթե դա չի արվում և ուղղակիորեն գնահատականներ են հնչում ՀԱՕԿ նախագահի հասցեին, ապա մենք ինքներս հիմք ունենք ենթադրելու, թե ո՞վ է իրականում փորձում հարցը քաղաքականացնել և ինչու»,- նշել է Ուրիխանյանը։

Հիշեցնենք, որ Յուրի Վարդանյանը հանդես էր եկել հայտարարությամբ, որում քննադատել էր Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանին՝ նշելով մարզական ոլորտում ունեցած տարաձայնությունների մասին։

Մեկնաբանել