Օգոստոսի 30-ն անհայտ կորածների միջազգային օրն է

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հիշեցնում է, որ օգոստոսի 30-ն անհայտ կորածների միջազգային օրն է. «Աշխարհում զինված հակամարտության և այլ արտակարգ իրավիճակներում անհայտ կորած անսահման թվով մարդկանց ընտանիքներ տառապում են անորոշությունից՝ լուր չունենալով իրենց հարազատների մասին։ Մինչդեռ պատկան իշխանությունները, համաձայն միջազգային մարդասիրական իրավունքի, իրենց լիազորությունների սահմաններում պարտավորված են անել ամեն հնարավորը պարզելու համար անհայտ կորածների հետ տեղի ունեցածը։ Միևնույն ժամանակ անհրաժեշտ է ավելի մեծ ջանքեր գործադրել՝ օգնելու անհայտ կորածների ընտանիքներին իրենց առօրյա կյանքում հանդիպող խնդիրները հաղթահարելու համար»:

ԿԽՄԿ-ի գործունեությունը ղեկավարող Մարիան Մեկասույի խոսքով. «Անհայտ կորածների ընտանիքների և համայնքների վրա պատերազմի թողած սպիերը խորն են: Մարդիկ, չիմանալով՝ անհայտ կորածները ո՞ղջ են, թե՞ մահացած, իրենց կյանքն ապրում են անորոշության մեջ։ Որոշ դեպքերում նրանք սպասում են տասնյակ տարիներ և հաճախ տառապում հուզական և սոցիալական մեկուսացումից։ Երբեմն էլ նրանցից խուսափում են՝ որպես անհաջողակներից, իսկ կանանց խարանում՝ առանց ընտանիքի տղամարդու պաշտպանության մնալու պատճառով»։

Հաճախ ընտանիքներն ինքնուրույն կամ կողմնակի օգնությամբ գտնում են այդ մարտահրավերները հաղթահարելու ելքեր՝ հավաքվելով անհայտ կորածներին հիշատակելու համար կամ կատարելով սգո այլընտրանքային ծեսեր։ Վառ պահելով անհայտ կորած հարազատների մասին հիշողություններն իրենց սրտերում և մտքերում՝ ընտանիքները համոզված են, որ նրանք անհետ չեն հեռացել։

Լիբիայում, որտեղ մեծ թվով մարդիկ են անհայտ կորել, այդ թվում նաև ձերբակալվել կամ մահացել վերջին հակամարտության ժամանակ, հազարավոր ընտանիքներ դեռ չգիտեն, թե ինչ է պատահել իրենց հարազատների հետ։ ԿԽՄԿ-ի գործողությունները Լիբիայում անհայտ կորածներին վերաբերող հարցերում համակարգող Լորեն Սոգի խոսքով. «Այդ ընտանիքներին իրենց հարազատի ճակատագրի վերաբերյալ տեղեկություն տրամադրելը ոչ միայն իրավական պարտավորություն է, այլև` մարդասիրական հարց»:

Աշխարհի տասնյակ տարբեր իրավիճակներում ԿԽՄԿ-ն աջակցում է իշխանություններին զինված հակամարտության արդյունքում անհայտ կորածների ճակատագրերը բացահայտելու հարցում։ Վրաստանում և Նեպալում կազմակերպությունը սատարում է այն կառույցներին, որոնք օգնում են անհայտ կորածների ընտանիքներին հաղթահարելու տարատեսակ կարիքները՝ բաղկացած սոցիալական, հուզական և տնտեսական բնույթի խնդիրներից։ Ավելին, ԿԽՄԿ-ն քաջալերում է իշխանություններին և քաղաքացիական հասարակությանը աջակցելու ընտանիքների ջանքերին՝ իրենց առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելու ուղղությամբ։

«Օգոստոսի 30-ին մի շարք երկրներում (Լիբանանում, Նեպալում, Արևելյան Թիմորում, Հայաստանում) անցկացվելիք հավաքները և այլ միջոցառումները կօգնեն վառ պահել այն մարդկանց հիշատակը, որոնք դեռևս անհայտ կորած են։ Դա իր հերթին կօգնի ընտանիքներին հաղթահարելու իրենց սիրելիի ողջ կամ մահացած լինելու հարցի շուրջ անորոշության զգացումը։ Այդ միջոցառումները նաև վիշտը կիսելու և հարցի վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելու միջոց են։ Որքան էլ ժամանակ անցած լինի, իշխանությունները պետք է անեն հնարավոր ամեն ինչ՝ լույս սփռելու անհայտ կորածների ճակատագրերի վրա, և ընտանիքներին փոխանցեն հայտնաբերած ցանկացած տեղեկություն: Մինչդեռ անհետաձգելի կերպով պետք է ընտանիքներին տրամադրեն օգնություն, որպեսզի նրանք հօգան իրենց ամենօրյա խնդիրները և ապրեն արժանավայել։

Հայաստանում ԿԽՄԿ-ն շարունակում է տրամադրել նյութական աջակցություն անհայտ կորածների ընտանիքներին միկրոտնտեսական ծրագրերի միջոցով, ինչպիսին ընտանի անասունների բաժանումն է կամ տների վերանորոգումը։ Տեղական գործընկեր-կազմակերպությունների հետ միասին ԿԽՄԿ-ն ընտանիքներին առաջարկում է սոցիալ-հոգեբանական աջակցություն՝ օգնելով նրանց դիմակայել հարազատի կորստի հետևանքով առաջացած տրավմաներին։ Աջակցելով իշխանությունների ջանքերին՝ ուղղված անհայտ կորածների հետ տեղի ունեցածը պարզաբանելուն, ԿԽՄԿ-ն շուտով կսկսի հավաքել կենսաբանական նմուշներ ընտանիքներից, ինչը կնպաստի արտաշիրիմումն իրականացնելուց հետո աճյունների ինքնությունը պարզելու գործընթացին»,- նշում է ԿԽՄԿ-ն։


Մեկնաբանել