ՀԱԷԿ-ի շուրջ կտեղադրվի 6 նոր, ժամանակակից սեյսմոգրաֆ

Այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Արմեն Երիցյանը. տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Ս. Ազարյանը նախարարին զեկուցել է շաբաթվա ընթացքում գրանցված արտակարգ պատահարների և ձեռնարկված միջոցառումների մասին։ Փրկարար ծառայությունում ավարտվում են տարբեր պետական գերատեսչությունների համար ուժեղ երկրաշարժի դեպքում գործողությունների պլանների մշակման աշխատանքները։ Շուտով ճգնաժամային կառավարման կենտրոններ կստեղծվեն բոլոր մարզերում։ Ս. Ազարյանը նաև նշել է, որ վերջանում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության հետ համատեղ իրականացվող բուժաշխատողների վերապատրաստման ծրագիրը, որի շրջանակներում կիրակի օրն ուսումնավարժություն է անցկացվել։ Շարունակվում են ուսումնասիրությունները Հայաստանում գտնվող ՄԱԳԱՏԷ-ի փորձագետների հետ։

ՍՊԱԾ գործակալության պետ Հ. Պետրոսյանը խորհրդակցության ընթացքում զեկուցել է, որ «Հայպետատոմհսկողություն» գործակալության աջակցությամբ, ինչպես նաև ՄԱԶԾ և ՄԱԳԱՏԷ-ի միջոցով շուտով ձեռք է բերվելու 6 նոր, ժամանակակից սեյսմոգրաֆ, որոնք տեղադրվելու են ՀԱԷԿ-ի շուրջը։ Ներկայումս սարքավորումների առանձին հատվածներ արդեն գտնվում են Երևանում։ Այս օրերին մեր ֆրանսիացի գործընկերների օջանդակությամբ ժամանակավոր հիմունքներով 4 նոր սեյսմոգրաֆ է տեղադրվել ՀՀ հարավում գտնվող Գորիս, Կապան, Եղվարդ, Խնածախ համայնքներում` սեյսմիկ աղմուկների մակարդակը չափելու նպատակով։ Սարքերը գործելու են մինչև 2013 թ. մարտ, որից հետո նախատեսվում է դրանք տեղադրել մշտական հիմունքներով։ Իսկ այսօր ֆրանսիացիները ՍՊԱԾ մասնագետների հետ ուսումնասիրություններ են կատարելու հանրապետության հյուսիս-արևմտյան հատվածում (Գյումրի, Բավրա, Ստեփանավան)` այնտեղ ևս նմանատիպ աշխատանքներ իրականացնելու համար։

Հիդրոմետ ծառայության տնօրեն Լ. Վարդանյանը տեղեկացրել է, որ վերջերս ձեռք բերված 50 նոր զոնդերն արդեն Հայաստանում են։ Դրանք կգործարկվեն նոյեմբերի առաջին օրերին` համապատասխան ծրագրային ապահովումից և աշխատակիցների վերապատրաստումից հետո։

ՓԾ տնօրենի տեղակալ, գնդապետ Ն. Գրիգորյանը զեկուցել է «Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի» թեմատիկ խմբի աշխատանքների մասին` նշելով, որ շուտով կհստակեցվեն աշխատանքի համար դիմողներին ներկայացվող պահանջները։

Մեկնաբանել