Օբաման Ռոմնիի մոտ «ռոմնեզիա» է հայտնաբերել

ԱՄՆ նախագահ և նախագահի թեկնածու Բարաք Օբաման գալիք ընտրություններում իր մրցակից Միթ Ռոմնիի մոտ ախտորոշել է «երրորդ աստիճանի ռոմնեզիա», հաղորդում է AP-ն։

«Եթե Դուք բանավեճերում ասում եք, որ ամերիկյան մեքենաներ եք սիրում, սակայն դրա հետ մեկտեղ հոդված եք գրել «Թույլ տվեք Դեթրոիդին սնանկանալ» վերնագրով, դա կարող է նշանակել, որ Դուք ռոմնեզիա ունեք»,- ասել է Օբաման նախընտրական միջոցառմանը Ֆլորիդայում։

ԱՄՆ նախագահը մեկ անգամ չէ, որ Ռոմնիին բռնացնում է լսարանի շահերից կախված՝ տեսակետները փոխելու վրա։ Հեռուստաբանավեճերի երրորդ և վերջին փուլի (որը նվիրված էր արտաքին քաղաքականության խնդիրներին) ժամանակ Օբաման գոհունակություն էր հայտնել այն կապակցությամբ, որ Ռոմնին ԱՄՆ-ի հիմնական թշնամի է համարում «Ալ Կաիդային», և հիշեցրել է, որ նախկինում նա թիվ մեկ թշնամի էր անվանել Ռուսաստանին։

«Եթե Դուք ասում եք, որ սիրում եք ուսուցիչներին, սակայն մի քանի շաբաթ առաջ ասում էիք, որ չեք պատրաստվում նրանցից որևէ մեկին աշխատանքի տեղավորել, ապա ի՞նչ է Ձեզ մոտ»,- հարցրել է Օբաման։ Նրա համախոհներն անմիջապես պատասխանել են․ «Ռոմնեզիա»։

«Եթե Դուք աում եք, որ սիրում եք Medicare-ը (բուժսպասարկման պետական ծրագիր չունևորների համար), սակայն պատրաստվում եք ներդնել վաուչերների համակարգ, որը վերջ կդնի Medicare-ի կողմից տրամադրվող բարիքներին, ապա Դուք ունեք ռոմնեզիա։ Մենք սովոր ենք նրան, որ քաղաքական գործիչները փոխում են իրենց տեսակետը չորս տարուց, սակայն ոչ չորս օրից»,- շարունակել է Օբաման։

«Մենք այսպիսի հիվանդության համար կարող ենք անվանում առաջարկել՝ ռոմնեզիա։ Երեկ երեկոյան հիվանդության լուրջ համաճարակ է սկսվել։ Դա ռոմնեզիա է՝ առնվազն երրորդ աստիճանի»,- հայտարարել է նա։

Նախագահական ընտրությունները ԱՄՆ-ում տեղի կունենան նոյեմբերի 6-ին։

Մեկնաբանել