Օմբուդսմենը բավարարել է քահանայի խնդրանքը

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որում պատասխանել է ռուս ուղղափառ եկեղեցու քահանաներից մեկի դիմումին, ըստ որի` «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի վարչակազմը սահմանափակել է նրա մուտքը ցմահ դատապարտյալիների խուց:

Հաղորդագրությունում մասնավորապես ասված է. «Օրեր առաջ Մարդու իրավունքների պաշտպանին էր դիմել ռուս ուղղափառ եկեղեցու քահանաներից մեկը: Վերջինս հայտնել էր, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի վարչակազմը սահմանափակում է իր մուտքը ցմահ դատապարտյալիների խուց: Բացի այդ` նա դժգոհում էր, որ վարչակազմը իրեն թույլատրել է հանդիպել ռուս ուղղափառ եկեղեցու հետևորդ դատապարտյալների հետ առանձին-առանձին, ինչը արդյունավետ չէ, քանի որ առանձին հանդիպումները խաթարում են այն դրական մթնոլորտը, ինչը ստեղծվում է երկու կամ ավելի անձանց հետ միաժամանակ աշխատելիս:
Պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և բռնությունների կանխարգելման բաժնի աշխատակիցներից ստեղծված աշխատանքային խումբը հունվարի 17-ին այցելել էր քրեակատարողական հիմնարկ` տեղում պարզելու առաջացած խնդիրը:

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի վարչակազմի հետ քննարկման արդյունքում պարզ էր դարձել, որ ցմահ դատապարտյալների խուց ներս չթողնելու որոշումը պայմանավորված է եղել քահանայի անվտանգությունն ապահովելու հետ, քանի որ չորս հոգուց բաղկացած խցում միայն երկուսն են ռուս ուղղափառ եկեղեցու հետևորդներ, ինչը հնարավոր կոնֆլիկտի պատճառ կարող էր հանդիսանալ:

Աշխատանքային խմբի հետ քննարկման ընթացքում քրեակատարողական հիմնարկի վարչակազմը պատրաստակամություն է հայտնել թույլատրել քահանային հանդիպել ուղղափառ եկեղեցու հետևորդ երկու ցմահ դատապարտյալների հետ այլ սենյակում միաժամանակ:
Վարչակազմը պատրաստ է նաև այս հարցը քննարկել անձամբ քահանայի հետ, և գտնել լուծման այլ տարբերակներ»:

Մեկնաբանել